Մատչելիության հղումներ

Փոշու ամպեր Գյումրիում. քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցնում է՝ մեկ ամիս անց այլ պատկեր կլինի


Գյումրեցիները hամացանցում տեսանյութեր են հրապարակում տարբեր թաղամասերից, որտեղ փոշու մեծ ամպեր են։ Բնապահպանության նախարարության ուսումնասիրություններն են փաստում, որ Գյումրիի օդում փոշու կոնցենտրացիան թույլատրելի սահմանից բարձր է։ Գյումրին արդեն մի քանի տարի է՝ ամենափոշոտ քաղաքների եռյակում է։

«Մոտավորապես 1,2 անգամ նորման գերազանցում է, այսինքն եթե նորման մոտավորապես 150 միլիգրամ է 1 մետր խորանարդում, այս պահին այն դարձել է մոտավորապես 240, դա փետրվար ամսվա տվյալ է», - ասաց «Բիսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ է համեմատում մոնիթորինգի տվյալներն ու փաստում՝ արդեն հստակ ֆիքսել են, թե որ ամսին է փոշին քիչ, որին շատ։

«Մայիսին քանի որ շատ անձրևոտ է, լինում է ցածր, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր՝ բարձր ու դրանից հետո նորից ցածրանում է», - նշեց Պետրոսյանը:

Ի դեպ, բնապահպանը կասկածի տակ է դնում մոնիթորինգի տվյալների հավաստիությունը, քանի որ Գյումրիում միայն մեկ կայան կա, որը տեղադրված է կանաչ տարածքում:

Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ այս տարի Գյումրին նույնիսկ անզեն աչքով ավելի փոշոտ է։

«Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մենք չունենք անձրևներ էս շրջանում ավելի շատ, մի քանի օր լինում է, հետո չորային եղանակ է, և ինտենսիվ շինարարության հետ է կապված փոշու ավելացումը», - պատասխանեց բնապահպանը:

Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Արտավազդ Ոսկանյանը մի քանի պատճառ է մատնանշում. - «Այն է պատճառը, որ հարակից փողոցներում և այլ շատ վայրերում կատարվում են շինաշխատանքներ, ինչպես նաև ավտոմեքենաների հետ հարակից փողոցների ցեխային հատվածը դուրս է գալիս ասֆալտապատ փողոցներ, դրա համար ունենում ենք այդ պատկերը»:

Իսկ ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը, որ ավելի քիչ լինի. - «Փոշու դեմ պայքարի համար մենք օգտագործում ենք ինչպես փոշեկուլներ, այնպես էլ ջրցան մեքենաներ»:

Արդյոք տեխնիկան բավարար է. - «2 փոշեկուլ ունենք, 4 ջրցան «Կամազ» է, ինչպես նաև «Զիլ» մակնիշի ջրցան էլ ունենք»:

Գյումրիի փողոցներում տեխնիկային զուգահեռ հին ավանդական եղանակով էլ են շարունակում փողոց մաքրել։

Քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցնում է, որ մեկ ամիս անց Գյումրիում այլ պատկեր կլինի։

Գյումրիում, ըստ քաղաքապետարանի, շուրջ 150 հեկտար կանաչ տարածք կա։ Մեկ շնչին բաժին հասնող նորմերը պահպանված են։ Բնապահպանը, սակայն, ընդգծում է. «Իրականում դրանց վիճակն ու որակն այնպիսի մակարդակի են, որ եթե իսկապես գնահատենք, թե ինչքան կանաչապատ տարածք ունենք, չունենք էդքան»:

Հատկապես Գյումրիի կենտրոնում բիզնես շահերից ելնելով՝ կանաչ տարածքները գնալով նվազում են, նկատում է Պետրոսյանը։ Այն, ինչ վիճակում հիմա Գյումրին է, բնապահպանական տեսանկյունից մեկ բառով է բնութագրում. «Գյումրիում լարված է, ու այդ լարվածությունը քանի գնում ավելի է խորանում»:

Խնդրի լուծման համար համալիր երկարաժամկետ ռազմավարություն է պետք, եզրակացնում է բնապահպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG