Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը զգուշացրել է սահմանային իրավիճակի սրման հնարավոր հետևանքների մասին


Տաջիկստանի մայրաքաղաքում այսօր կայացել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահը։ Նախագահությունը այս կազմակերպությունում Տաջիկստանից անցել է Հայաստանին:

Մի շարք նախաձեռնություններ այսօր Հայաստանի նախագահն արդեն իսկ հնչեցրել է։ Սերժ Սարգսյանը առաջարկել է ստեղծել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի նախապատրաստման կենտրոն։ Մինչ օրս որևէ խաղաղապահ գործողությունների ՀԱՊԿ-ը չի մասնակցել։

Ինչպես և սպասում էր, Հայաստանի նախագահն այսօր իր մտահոգությունն է հայտնել հայ - ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ։

«Ես ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ շեշտադրելով հայ - ադրբեջանական սահմանին և ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում լարվածության աճի սպառնալիքը։ Նորից չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական փորձերը միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է Սարգսյանը։

ՀԱՊԿ-ի այսօրվա գագաթնաժողովին ստորագրվել է շուրջ 15 փաստաթուղթ, ընդհանուր հայտարարություն է ընդունվել։ Հաջորդ գագաթնաժողովը կանցնի եկող տարվա երկրորդ կեսին՝ Երևանում։

Ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, ո՛չ կազմակերպությունը որևէ հայտարարություն հայ - ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ մինչ օրս չեն արել։

Հավաքին այսօր որոշում է կայացվել, որ գալիք տարվանից սկսած ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակվելու է ռոտացիոն կարգով։ Այսինքն հնարավոր է, որ արդեն 2016-ին այս ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը։

Ծավալուն ելույթով այսօր հանդես է եկել Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է և շարունակելու է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Ինչպես և սպասվում էր, մեծամասամբ Պուտինը խոսել է Սիրիայից։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀԱՊԿ-ի անդամ պետությունները նախատեսում են համատեղ հայտարարությամբ հանդես գալ։

XS
SM
MD
LG