Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել նաև դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար:
Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգային խնդիրների շուրջ։