Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իշխող կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով:
Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նաև պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: