Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավելի քան 900 մարդ է հետապնդվում հակապատերազմական դիրքորոշման համար


Ռուսաստանում հակապատերազմական դիրքորոշման համար առնվազն 902 անձի նկատմամբ քրեական գործ կա հարուցված, նրանցից 261-ն անազատության մեջ են, հաղորդում է ռուսական իրավապաշտպան "ОВД-Инфо" կազմակերպությունը։

Ըստ կազմակերպության վիճակագրության՝ 285 մարդ քրեական հետապնդման է ենթարկվում ֆեյքերի, իսկ 172-ը՝ ռուսական բանակը կամ կառավարությունը վարկաբեկելու հոդվածով։

«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ այս հոդվածները հայտնվեցին Ռուսաստանի քրեական օրենսգրքում 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո։

Ռուսական դատարանները ֆեյք են ճանաչում պատերազմի մասին այն հաղորդումները, որոնք չեն համընկնում ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշման հետ։ Դատարանները վարկաբեկիչ են համարում, օրինակ, «պատերազմ» բառի օգտագործումը Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Սա երկարաժամկետ պատիժ է նախատեսում։

Ահաբեկչությունն արդարացնելու հոդվածով 175 մարդ է մեղադրվում։ Այս հոդվածով գործեր կան հարուցված, մասնավորապես, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկու սպանության, Ղրիմի կամրջի պայթեցման մասին գրառումների, ինչպես նաև Ռուսաստանում իշխանությունը ուժով փոխելու կոչերի համար։

Հակապատերազմական դիրքորոշման դեպքեր չկան միայն Ռուսաստանի չորս շրջաններում՝ Չեչնիայում, Կարաչայ-Չերքեզիայում, Նենեցյան ինքնավար մարզում և Բրյանսկի շրջանում։ Ամենաշատ հակապատերազմական դեպքերը Մոսկվայում են (159 մարդ), Սանկտ Պետերբուրգում (77) և Սվերդլովսկի մարզում (29):

XS
SM
MD
LG