Մատչելիության հղումներ

Էրդողանը «հարգանքով է հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին», - գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքին հղած ուղերձում:

«Ողջունում եմ ձեզ իմ ամենասրտանց զգացումներով, հարգանքով և սիրով», - ասված է ուղերձում:

Նշելով, թե հայցում է Աստծո ողորմածությունը «օսմանյան հասարակության բոլոր անդամների համար, ովքեր զոհվել կամ նահատակվել են հակամարտությունների, ապստամբությունների, հրոսակախմբերի շարժումների և ահաբեկչական գործողությունների պատճառով», Էրդողանը շարունակել է. - «Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի պատճառած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»։

«Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիական հողերը իրենց մշակութային ու մարդկային ստեղծագործություններով, այսօր էլ երաշխավորված են։ Մենք թույլ չենք տալիս ու թույլ չենք տա, որ թեկուզ մեկ հայ քաղաքացի մարգինալացվի, դուրս մղվի, իրեն երկրորդ կարգի զգա իր հայրենիքում», - վստահեցնում է Թուրքիայի նախագահը:

Նա կարևորում է պատմության իրադարձություններին անդրադառնալը «մտքի, խղճի և գիտության առաջնորդության ներքո՝ թույլ չտալով արմատական ​բանավեճեր, մարգինալացում և ատելության լեզու»:

«Կարեկցանքի հաստատումը՝ առանց մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները տարբերակելու, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը: Հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից», - գրել է Թուրքիայի նախագահը՝ «մեկ անգամ ևս ողջունելով հայ համայնքի արժեքավոր անդամներին ամենասրտանց զգացումներով»։

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանության շուրջ մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օրն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ: Թուրքիան այն հերքում է:

XS
SM
MD
LG