Մատչելիության հղումներ

Մոլորված հովվի հոտը հետ են բերել. Ներքին Խնձորեսկի բնակիչ


Սյունիքի մարզ, արխիվ
Սյունիքի մարզ, արխիվ

Սյունիքի Ներքին Խնձորեսկում այսօր՝ մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, որոնք այժմ դադարել են, «Ազատության»-ը փոխանցեց բնակիչներից մեկը, ում տունը գյուղի վերջում է։

«Մեզանից մի քիչ ձախ էին կրակոցները», - ասաց նա։

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի հենց այդ հատվածում է միջադեպ գրանցվել, ըստ ԱԱԾ-ի՝ հայ հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

«Ազատության» զրուցակիցը փոխանցեց, որ մոլորված հովիվը Տեղ գյուղից է։

«Ներքին Խնձորեսկից ձախ մենք սահման ունենք՝ Կոռնիձոր-Տեղ այդ արանքը, - ասաց նա՝ շարունակելով, - Ասում են՝ ոչխարից են տարել, ճշտում են։ Կեսը {հոտի տարել են}։ Տեղի հատվածում է {մոլորվել}»։

Ավելի ուշ բնակիչը հայտնեց, որ ոչխարները հետ են բերել:

ԱԱԾ-ն հաղորդել է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս Հայաստանի տարածքում է: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության:

Սյունիքի Ներքին Հանդ գյուղում էլ փետրվարին էր իրավիճակը սրվել, հայկական կողմը չորս զոհ ունեցավ ադրբեջանցիների կրակոցներից։ Բաքուն այդ ժամանակ հաղորդել էր, թե իր պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները «ի պատասխան հայկական զինված ուժերի սադրանքի» են իրականացրել «Հատուցում» գործողություն։ Հայկական կողմը այդ ժամանակ ևս քննություն էր առաջարկել, բայց մերժում ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG