Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ուկրաինայի շրջանները կրկին ենթարկվել են ռմբակոծության


Ռուսական և ուկրաինական շրջաններն այս գիշեր կրկին ենթարկվել են ռմբակոծության։

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ազատության» հետ զրույցում հաստատել է անօդաչուի հարձակումը Ռուսաստանի Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքի ավիացիոն ուսումնական կենտրոնի վրա։

«Մանրամասներ չենք հրապարակի, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է ձեռնարկության հիմնական արտադրական հզորությունը», - ասել է Յուսովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Վորոնեժի մարզում երկու անօդաչու սարք են խոցել, պնդում են, թե հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ «հետևանքները տեղում պարզվում են»։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական անօդաչուն գիշերը հարվածել է նաև Զապորոժիեի ատոմակայանի ուսումնական կենտրոնին։ Վնասների մասին չի հաղորդվում։

Այսօր էլ Ռուսաստանի Բրյանսկի շրջանում՝ Կլիմովո գյուղում, գնդակոծության հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Նահանգապետի խոսքով՝ մահացածները կին ու երեխա են, իսկ հրետակոծությունն իրականացվել է Ուկրաինայի տարածքից։ Կլիմովան Ուկրաինայի սահմանից 8,5 կիլոմետր է հեռու։

Ռուսական կողմն իր հերթին ռմբակոծել է Ուկրաինայի մի շարք մարզեր, այդ թվում Պոլտավան, որտեղ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։

Արևմտյան փորձագետները նկատում են, որ ռուսական բանակը փոխել է իր ռազմավարությունը և վերջին շրջանում ակտիվորեն գրոհում է ուկրաինայի այն էներգետիկ հանգույցները, որոնք այնքան պաշտպանված չեն, որքան Կիևի մարզինը։ Ընդորում՝ հրթիռակոծված էներգետիկ օբյեկտների մի զգալի մասը հնարավոր չի լինի վերականգնել մինչև ձմեռ։ Այս առումով վիճակը հատկապես ծանր է Խարկով և Օդեսա քաղաքներում։

Այսօր Մեծ յոթնյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հավաքից առաջ Գերմանիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ ռուսական բանակն ուզում ամբողջությամբ վերացնել Խարկով քաղաքը։

«Ցավոք սրտի, մեր սեփական Patriot համակարգերն այժմ գրեթե սպառվել են: Անհրաժեշտ է վերանայել բոլոր Patriot համակարգերը Եվրոպայում և աշխարհում, որպեսզի հասկանանք, թե որտեղից կարելի է արագ ինչ-որ բան հասցնել Ուկրաինա», - նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Նախագահ Զելենսկին վերջերս ասել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ են առնվազն 25 Patriot համակարգեր՝ իր տարածքը լիովին պաշտպանելու համար։

Ուկրաինայի իշխանությունները հորդորում են դաշնակիցներին հնարավորինս արագ տրամադրել նոր հակաօդային համակարգեր։ Ավելին՝ Զելենսկին նախօրեին զգուշացրել էր, որ առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինային դժվար կլինի հաղթել կամ նույնիսկ գոյատևել որպես երկիր:

Ուկրաինացի փորձագետ Վալերիյ Ռյաբըխը կարծում է, որ Զելենսկին չի չափազանցրել. - «Ամերիկյան օգնության բացակայությունն արդեն ազդել է, հենց այդ օգնության բացակայության պատճառով են ռուսները կարողացել գրավել Ավդեևկան։ Այսօր էլ ակնհայտ է, որ Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեն հակաօդային պաշտպանության համակարգերը։ Դրանք անհրաժեշտ են ռուսների չվերջացող հրթռներն ու ավիառումբերը խոցելու համար»

Դաշնակիցներից զենք խնդրող Կիևն արդեն զգուշացրել է մի քանի ամսից սպասվող ռուսների նոր լայնածավալ հարձակման մասին։

Այս ֆոնին Չինաստանում է Ռուսաստանի արտգործնախարարը և ինչպես չինական և արևմտյան աղբյուրներն են հայտնում քննարկումների հիմնական հարցերից են մայիսին նախագահ Պուտինի այցը Պեկին և պատերազմը Ուկրաինայում։

Ուկրաինական պատերազմից մեկ տարի անց Չինաստանը 12 կետից բաղկացած դիրքորոշում էր հրապարակել ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, Ռուսաստանն էլ ողջամիտ էր համարել Պեկինի առաջարկները, բայց Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններ առայժմ չեն նշմարվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG