Մատչելիության հղումներ

Գյումրիի մի քանի բանուկ փողոցների վրա արդեն անգամ կարկատելու տեղ չկա


Գյումրի, երկուսը ապրիլի, 2024թ.
Գյումրի, երկուսը ապրիլի, 2024թ.

Գյումրիում մի քանի բանուկ փողոցներ կան, որոնք արդեն կարկատելու տեղ չունեն։ Դրանցից Սևյան փողոցը վերջին անգամ 26 տարի առաջ է նորոգվել։ Նաև մեծ բեռնատարների համար որպես շրջանցիկ ճանապարհ ծառայող փողոցում փոսեր են` ինչքան ուզես, տարբեր չափի ու խորության։ Մեքենաները մի կերպ են դրանք շրջանցում։

Հենց այս փողոցում է իր տաքսին կայանում 83-ամյա Ռուբիկ Հովհաննիսյանը։ 60 տարի մեքենա է վարում։ Խորհրդային տարիների ասֆալտապատ փողոցներն է հիշում: Համեմատելու չէ, ասում է, քանդված փողոցներն ավելի շատ են, քան նորոգվածները։

«Էս փողոցը կայարանից մինչև վերջ քանդված է, բոլոր փողոցները քանդված են, մի նորմալ փողոց չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Քաղաքապետարանի աշխատակիցներն, ի դեպ, այսօր Սևյան փողոցում փոսալցման աշխատանքներ էին իրականացնում։ Սա տաքսիստի սրտով չէ. - «Կալոսների հետ սաղ կքանդվի ու կհելնի»։

Քաղաքապետարանից պարզաբանում են՝ ոչ թե հիմնական, այլ ժամանակավոր փոսալցում են անում։

«Ժամանակավոր լուծում ենք տվել։ Իմ կարծիքով՝ վարորդները պետք է ավելի գոհ լինեն, որովհետև պետք է սպասենք ևս 15 օր, որպեսզի կարողանայինք այդ փոսերը փակել։ Մտածեցինք, որ կարելի է նման ժամանակավոր լուծում տալ։ Լիարժեք ասֆալտ է», - ասաց Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։

Համայնքային բյուջեից 90 մլն դրամ է հատկացվել փոսային նորոգումների համար։ Մրցույթն անցկացվել է, հաղթողն էլ 73 մլն դրամով է այն իրականացնելու։ Գյումրիում փողոցներ կան, որոնց կեսն ասֆալտապատ է, մյուս կեսը՝ փոսերի մեջ, օրինակ՝ Խանջյանը, որը ևս ծանրաբեռնված հատված է։ Գյումրիի փոխքաղաքապետն ասաց՝ այս տարի ոչ Սևյանը, ոչ էլ Խանջյանը հիմնանորոգման ծրագրերում ընդգրկված չեն։

Մի քանի տարի առաջ հիմնանորոգված փողոցներում էլ արդեն փոսեր կան։ Նաև կոմունիկացաների հետ կապված հորատումներ են արվել, ու տեղում կրկին փոսեր են բացվել։

Այս տարի Գյումրիում մոտ 13 կմ ճանապարհ կնորոգվի, բայց ևս 60-70 կմ իր հերթին է սպասում։

Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG