Մատչելիության հղումներ

Դեղատներում դժգոհում են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը նորմալ չի աշխատում


Երևանյան դեղատներից մեկում, 7-ը մարտի, 2024թ.
Երևանյան դեղատներից մեկում, 7-ը մարտի, 2024թ.

Հայաստանում դեղ ներկրող խոշոր ընկերության՝ «Վագա-Ֆարմ»-ի ներկայացուցիչ Վահան Գրիգորյանն ասում է՝ չորս շաբաթվա ընթացքում իրենց ցանցի մոտ յոթ տասնյակ դեղատներից ընդամենը 292 մարդ է էլեկտրոնային դեղատոմսով փորձել դեղ գնել, ընդ որում՝ 30 տոկոսի դեպքում դեղատոմսը սխալ է լրացված եղել։ Սա, ըստ նրա, վատ իրազեկման հետևանք է: Տարակուսում է՝ եթե բժիշկը դեղատոմս չի գրում, իրենք տուգանվե՞ն, թե՞ քաղաքացուն մերժեն ու դեղ չվաճառեն։

«Եթե 67 դեղատուն ընդամենը 9 դեղատոմս է գալիս օրական, փաստը ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում նորմալ: Ես ուզում եմ, որ աշխատի, մենք ուզում ենք, որ աշխատի, բայց չի աշխատում: Դրա պատճառներն էլ ասում եմ ինչն է՝ բժիշկները չեն գրում, իրե՛նց հետ պետք է աշխատանքներ տարվեն», - ասաց Գրիգորյանը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մարինե Հարությունյանը հիշեցնում է՝ մարտի 1-ից օրենքն արգելում է առանց բժշկի գրած էլեկտրոնային դեղատոմսի շուրջ 470 անուն դեղ գնել դեղատնից, բայց նաև ընդգծում է, որ սա նորություն չէ դեղատների համար: Այն դեղերը, որոնց տուփին անգամ արտադրողն է գրել, որ վտանգավոր են առանց բժշկի նշանակման ընդունելու համար, դեռ 2019 թվականից էր արգելված առանց դեղատոմսի վաճառել։

«Դեղատունը երբ որ լիցենզավորվում է, ինքը պետք է ունենա ԱՐՄԵԴ համակարգի հետ պայմանագիր: Իրենք բերում են այդ պայմանագիրը, բերում են, որ իրենք ունեն պայմանագիր և աշխատում են ԱՐՄԵԴ համակարգով: Հարցի մյուս կողմը՝ որ լիցենզիա ստանալուց ուղղակի բերում են պայմանագիրը, բայց հետո մոռանում են դրա գոյության մասին: Մեր համար գլխավոր նպատակը մարդու առողջությունն է», - նշեց Հարությունյանը:

Բայց 2019-ից գործող օրենքը մասսայական խախտվում էր հայաստանյան դեղատներում, բժիշկներն էլ հիմնականում դեղատոմսը պատշաճ չէին գրում, պացիենտները հաճախ նաև բողոքում էին, թե բժիշկներն իրենց ուղղորդում են կոնկրետ դեղատներ ու հորդորում կոնկրետ ֆիրմաներից դեղեր գնել: Առողջապահության նախարարության պաշտոնյան ասում է՝ նոր որոշումը նաև այս խնդիրները կլուծի։

«Գրանցամատյանի հետ կապ ենք դրել, որպեսզի ինքը երբ որ գնում է «Ամոքսիցիլին», արդեն միանգամից բերում է բոլոր մեր երկրում գրանցված՝ շրջանառության արդեն մեջ գտնվող բոլոր դեղերը, բոլորն էլ ներառված են, այդ դեղերի ցանկը, և թող բժիշկը ընտրի այդ բոլոր դեղերից որևէ մեկը», - ասաց Հարությունյանը:

«Նախ նշեմ, որ բոլոր դեղերը ներառած չեն», - հակադարձեց «Վագա-Ֆարմ»-ի պատասխանատուն:

Քրոնիկ հիվանդը չի կարող տարիներ շարունակ նույն դեղը խմել, վեց ամիսը մեկ պետք է բժշկի գնա, որ դեղի չափաբաժինը վերանայվի: «Ազատության» զրուցակիցները բազմիցս են դժգոհել՝ իրենք էլ են ընդունում, որ պետք է բժշկի գնան, բայց հաճախ պոլիկլինիկաների հերթերից խուսափելու համար ստիպված գնում են վճարովի հիվանդանոց։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է՝ ինքն անհաղթահարելի հերթեր չի տեսել:

«Ես ինքս շրջում եմ պոլիկլինիկական ծառայություններում, բազմաթիվ հերթեր չեն, որովհետև քանի՞ տոկոսը մեր բնակչության հակաբիոտիկների և հակավիրուսային դեղերի կարիք ունի, որ տենց բազմաթիվ հերթեր լինեն», - պնդեց Մարինե Հարությունյանը:

Պաշտոնական վերջին տվյալներով՝ մարտի 1-ից մինչև հիմա շուրջ 100 հազար էլեկտրոնային դեղատոնս է դուրս գրվել: Հարությունյանի խոսքով՝ երկրի դեղատների մեծ մասն արդեն միացել են ԱՐՄԵԴ համակարգին, որոնք էլ չեն միացել՝ կտուգանվեն: «Պոլիկլինիկաների բժիշկները շատ վարժ օգտվում են համակարգից», - վստահեցնում է պաշտոնյան:

Դեղատների ցանցի պատասխանատուն հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ են իրենց դեղատներ մտած քաղաքացիներից քչերն ունենում էլեկտրոնային դեղատոմս:

«Ուզում ենք օրինական աշխատել՝ չենք կարող, չի ստացվում», - հայտարարեց Գրիգորյանը:

«Ուզում եք կառուցողական լինեք, մեզ ուզում եք օգնեք՝ վերհանեք էդ խնդիրը, որ, այո, տվյալ բուժհաստատություններից չի գալիս դեղատուն, մեզ տվեք ինֆո, դուք եք վերջնական տեսնում, տվեք էդ ինֆոն մեզ, մենք հենց էդ վայրկյանին, ես ինքս կապվեմ տվյալ բուժհաստատության հետ, հասկանամ՝ ինչն է խնդիրը: Պե՞տք է՝ մեր ԱՐՄԵԴ-ի գործընկերներն էլ իրենց կօգնեն: Ամեն ինչ իդեալական արված է», - հակադարձեց Հարությունյանը:

«Տեղեկատվության, տեղեկացնելու մասով՝ միանշանակ կիսատ-պռատ է: Փոխանակ բոլորին պատշաճ ձևով ներկայացնեիք, բացատրեիք, հիմա ինձ ասում եք՝ «ով չի անում՝ զանգեք ինձ ասեք», - նշեց Գրիգորյանը:

2025-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվեն մոտ 3 հազար անուն դեղեր, որոնք արտադրման պահից պետք է հենց այդպես էլ վաճառվեին: Մոտ 900 դեղ չի ներառվի այդ ցանկում, դրանք են՝ ցավազրկողների, ջերմիջեցնողների որոշ խմբեր, վիտամիններ և այլն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG