Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերություններում մթնոլորտի որոշակի փոփոխություն կա․ թուրքագետ


Հայ-թուրքական հարաբերություններում ոչ թե որակական, այլ մթնոլորտի որոշակի փոփոխություն կա, «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Վկայակոչելով վերջին շրջանում հաճախակի դարձած բարձր մակարդակի հանդիպումները Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև՝ Սաֆրաստյանը սա դրական որակեց։

«Ամեն դեպքում քննարկումներն ավելի օգտակար են, քան թե քննարկում չլինի երկու երկրների միջև», - ասաց թուրքագետը՝ շեշտելով Թուրքիայի քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ պատնեշ ստեղծել։

«30 տարի շարունակ Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ առանց որևիցե նախապայմանի։ Հայաստանի կողմից խոսքը գնում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Թուրքիան իր կողմից երեք տասնամյակ անընդհատ նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և, ըստ էության, շահագրգռվածություն չի ցուցաբերում հարաբերությունները կարգավորելու։ Այ սա պետք է Հայաստանը հաշվի առնի», - ասաց թուրքագետը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։

«Թեև ԵՄ-ն, եվրոպական երկրները և, մասնավորապես, վերջին շրջանում Գերմանիան, պատրաստ են աջակցելու Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը, մենք նաև դիտարկում ենք Թուրքիայի և նրա ղեկավարության ներուժը տարածաշրջանում», - ասել էր Կլաարը:

Սաֆրաստյանը վստահ է՝ եթե Թուրքիան չփոխի իր մոտեցումը Հայաստանի նկատմամաբ և շարունակի Հայաստանի նկատմամբ հարկադրման քաղաքականություն վարել, Թուրքիային չի հաջողվի այն դերակատարությունը ստանձնել, որն իր վրա դրեց Կլաարը՝ կանաչ լույս վառելով Թուրքիայի առջև Հարավային Կովկասում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու համար։

«Այնպես որ, Թուրքիայի ղեկավարները պետք է փորձեն նոր մոտեցումներ ձևակերպել ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ առաջին հերթին հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այսինքն՝ առանց որևիցե նախապայմանի դիվանագիտական հարբերությունների Հաստատում, սահմանի բացում և այլն», - ասաց Սաֆրաստյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG