Մատչելիության հղումներ

Եթե Նադեժդինն իրական սպառնալիք դառնա Կրեմլի համար, Կրեմլը շատ արագ կզբաղվի նրանով․ փորձագետ


Տեխաս-Առլինգթոնի համալսարանի դոցենտ Բրայան Ութմորը չի կարծում, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարտահրավեր նետած ընդդիմադիր գործիչ Բորիս Նադեժդինին Ռուսաստանի նախագահի ընտրություններում ընտրապայքարի մեջ է մտցրել Կրեմլը։

Փորձագետը թերահավատ է, թե Նադեժդինն իրականում ազդեցություն կունենա այս ընտրությունների վրա:

Հրայր Թամրազյան․ - Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը մարտահրավեր է նետում նախագահ Պուտինին իր հակապատերազմական օրակարգով։ Նա բացահայտ կոչ է անում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ։ Նա խոստանում է դադարեցնել զորահավաքը, տուն վերադարձնել ռուս զինվորներին և ազատել բոլոր քաղբանտարկյալներին։ Մի մարդ, ով հանկարծ հայտնվեց, մարտահրավեր է նետում Ռուսաստանի ամենահզոր մարդուն։ Արդյո՞ք նա իրական է, թե՞ Կրեմլի կողմից ընտրական գործընթացների մեջ մտցված սփոյլեր է՝ փչացնողը՝ մրցակցային նախագահական ընտրությունների պատրանք ստեղծելու համար: Ի՞նչ մտքեր ունեք այս մասին:

Բրայան Ուիթմոր․ - Նադեժդինը լիբերալ քաղաքական գործիչ լինելու նախապատմություն ունի։ Նա «Աջ ուժերի միության» անդամ էր։ Նա Բորիս Նեմցովի դաշնակիցն էր։ Նա մի փոքր նախապատմություն ունի նաև «Եդինայա Ռոսիայի» հետ։ Չեմ կարծում, որ նրան մտցրել է Կրեմլը, թեև դա չէի բացառի։ Բայց ես չեմ կարծում, որ դա այդպես է: Կարծում եմ՝ Նադեժդինը անկեղծ է երևում։ Նա, կարծես, ժողովրդականություն է վայելում հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում: Բայց ես թերահավատ եմ, որ նա իրականում ազդեցություն կունենա այս ընտրությունների վրա: Կրեմլը տարիների ընթացքում շատ մեծ պրակտիկա է ձեռք բերել՝ ստանալու այն արդյունքները, որ նա ցանկանում է ստանալ ընտրություններից։ Այս «ֆիլմը» մենք նախկինում արդեն դիտել ենք, օրինակ, 2018 թվականին Քսենյա Սոբչակի մասնակցությամբ։ Ու ես չեմ ակնկալում, որ Նադեժդինը կկարողանա որևէ այլ բան անի, քան, թերևս, Կրեմլին նեղը գցելը: Պարզապես սոցիոլոգիական տեսանկյունից կարող է հետաքրքիր լինել տեսնել, թե քանի մարդ է պատրաստ դուրս գալ և աջակցել նրան։ Նա կարողացել է հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Մարդիկ երկար հերթերի մեջ սպասում էին, որ ստորագրություն տան՝ նրա գրանցման համար։ Բայց, եթե նա երբևէ իսկապես իրական սպառնալիք դառնա Կրեմլի համար, կարծում եմ, որ Կրեմլը կզբաղվի նրանով ու դա կանի բավականին արագ։

Հրայր Թամրազյան․ - Հազարավոր ռուսներ վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջ երկրում ցրտին հերթ են կանգնել՝ ցույց տալու իրենց աջակցությունը հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուին: Նրանք նախկինում արդեն դառը փորձ ունեին՝ հավատալու թեկնածուներին, որը, ինչպես Դուք էլ նշեցիք, մեծ հիասթափության վերածվեց։ Հիմա էլ շատերը գրեթե համոզված են, որ նա՝ Նադեժդինը չի հաղթելու ընտրություններում, բայց անգամ այն պարագայում, երբ նրանք վստահ չեն, որ նրա անունը նույնիսկ կհայտնվի քվեաթերթիկի վրա, այնուամենայնիվ, աջակցում են նրան։ Ինչո՞ւ է այդպես։

Բրայան Ուիթմոր․ - Կարծում եմ, որ սա ցույց է տալիս մեզ, որ ռուս հասարակության մեջ դժգոհության հոսանք կա, հատկապես երիտասարդների շրջանում: Նրանք դժգոհ են պատերազմից, այն մեկուսացումից, որի մեջ Ռուսաստանը հայտնվել է պատժամիջոցների արդյունքում։ Ռուսաստանի տնտեսությունն ավելի դիմացկուն է գտվել, քան մենք սպասում էինք, բայց այն ցույց է տալիս թուլության նշաններ։ Մենք տեսնում ենք գնաճը։ Ու ռուս երիտասարդները հոգնել են դրանից: Այնպես որ, սա զարմանալի չէ։ Կարծում եմ՝ եթե Նադեժդինի անունը ներառվի քվեաթերթիկում, իսկ դա դեռ շատ մեծ հարց է, հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան դժգոհություն կա հիմա։ Մյուս բանն այն է, որ Ռուսաստանում ընտրությունները իրականում ընտրություններ չեն։ Նրանք կեղծված ընտրություններ են։ Կրեմլն ունի մի ամբողջ գործիքակազմ՝ հավաստիացնելու, որ նրանք կստանան իրենց ուզած արդյունքները՝ ամեն ինչ՝ վարչական ռեսուրսներից մինչև լրատվամիջոցների վերահսկողություն: Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը լուրջ սպառնալիք է, Կրեմլը կարող է այս կամ այն կերպ վերացնել նրան: Բայց, ես կարծում եմ, որ թեկնածուի համար ստորագրել ցանկացողների այս երկար շարքերը ցույց են տալիս, որ ռուս հասարակության մեջ առկա է այս թաքնված դժգոհությունը պատերազմից և երկրի ներկայիս մեկուսացումից, գնաճից և տնտեսությունից, որը սկսում է զգալ այդ մեկուսացման հետևանքները։

Հրայր Թամրազյան․ - Հետաքրքիր է, որ այսքան ընդդիմադիրներ Ռուսաստանում կամ Ռուսաստանից դուրս, օրինակ, ռուս միլիարդատեր Խոդորկովսկին, հրապարակավ սատարել են նրան։ Նրանք Նադեժդինի շուրջ համախմբվելու կոչ են անում։ Միթե նրանք չեգիտեն, որ նա կարող է լինել այն հերթական թեկնածուն, որը մեծապես կհիասթափեցնի նրանց բոլորին։ Ինչո՞ւ են նրան աջակցում, եթե այդպես է։

Բրայան Ուիթմոր․ - Ինչպես ասացի, Ռուսաստանի տնտեսությունը մինչ այժմ ճկուն է գտվել, բայց նրա համար շատ մտահոգիչ միտումներ կան, եթե նայեք Մոսկվայի տեսանկյունից: Ես գրեթե համոզված եմ, որ նա չի հաղթելու: Համոզված եմ, որ պարոն Խոդորկովսկին և Ռուսաստանից դուրս գտնվող մյուսները, ովքեր նրան աջակցում են, այս հարցում պատրանքներ չունեն։ Բայց եթե դու այնպիսի իրավիճակ ես ստեղծում, որ «Նադեժդին ընդդեմ Պուտինի» դիմակայությունը լինի, դա երկակի ընտրության իրավիճակ է։ Այստեղ Պուտինին իսկապես ամոթալի վիճակում գցելու հնարավորություն կա: Կարծում եմ, դա լավագույնն է, ինչի հույսը նրանք կարող են ունենալ: Չեմ կարծում, որ որևէ մեկը պատրանքներ ունի, որ Պուտինը կպարտվի այս ընտրություններում։ Ես գիտեմ, որ շատ է խոսվում բելառուսական սցենարի մասին՝ 2020 թվականի օգոստոսին Բելառուսի ընտրությունների սցենարի մասին, երբ բոլոր դիտորդները կարծես համաձայն էին, որ այդ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան։ Բայց, այնուամենայնիվ, Լուկաշենկոյին հաջողվեց կեղծել այն ու իր համար անհեթեթ բարձր ցուցանիշ ներկայացնել։ Ես վստահ չեմ, որ Ռուսաստանն արդեն հասել է դրան: Եվ ինձ նման մարդկանց համար խնդիրներից մեկն այն է, որ մեր կարողությունը տեսնելու, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, այն չէ, ինչ նախկինում էր: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է իսկապես անկեղծ լինենք այս հարցում: Մենք պարզապես ներսում չունենք այն աղբյուրները, որոնք նախկինում ունեինք: Այսպիսով, ես հետևում եմ իրադարձություններին, սա հետաքրքիր է: Կարծում եմ, որ հավանականություն կա, որ Նադեժդինը կարող է ոչ թե հաղթել Պուտինին, այլ դժվարացնել նրա գործերը։ Որովհետև Ռուսաստանում ընտրությունների դեպքում պետք է հիշել, որ դրանք ընտրություններ չեն, դրանք ծես են։ Դրանք թատրոն են՝ լեգիտիմացման թատրոն, լեգիտիմացման ծես։ Իսկ Պուտինը պետք է լավ շոու ցուցադրի։ Նա պետք է ցույց տա, որ ռեժիմը կարող է մոբիլիզացնել մարդկանց։ Իսկ եթե Ձեր ապուրի մեջ ճանճ է հայտնվում, եթե կա Նադեժդինի նման մեկը, Պուտինի շոուն փչացնելու հնարավորություն կա։ Հիշեք Պետդումայի ընտրությունները դեռևս 2011 թվականին, երբ ռուսական ընդդիմության շրջանում մեծ բանավեճ ծավալվեց՝ բոյկոտե՞լ ընտրությունները, թե՞ ոչ։ Հանգուցյալ մեծն Բորիս Նեմցովը պնդում էր, որ ընտրությունները պետք է բոյկոտել։ Իսկ Ալեքսեյ Նավալնին ասում էր, որ չի կարելի բոյկոտել ընտրությունները։ Նա կոչ էր
անում մարդկանց՝ քվեարկել որևէ մեկի օգտին, բացի «Եդինայա Ռոսիա»-ից՝ Կրեմլին նեղը գցելու համար: Եվ նրանք հենց այդպես էլ արեցին: Ու «Եդինայա Ռոսիա»-ն ստիպված էր կեղծել արդյունքները, որպեսզի «Եդինայա Ռոսիա»-ն Դումայում պարզ մեծամասնություն ստանա: Դա ավելի քան 13 տարի առաջ էր։ Բայց դա մի տեսակ հաղթական ընտրություններ էին ընդդիմության համար, թեև նրանք չհաղթեցին: Նրանց հաջողվեց վատ վիճակի մեջ գցել Կրեմլին։ Նադեժդինը կարող էր միջոց լինել նման բան անելու համար, ռեժիմի թուլությունը վերահաստատելու համար, որ վարչախումբն այնքան էլ անպարտելի չերևա։

Հրայր Թամրազյան․ - Հիմա խոսենք Պուտինի և պատերազմի մասին։ Գրեթե անհնար է պարզել, թե քանի ռուսաստանցի դեմ է պատերազմին, քանի՞ ռուսաստանցի, իսկապես, աջակցում է ՌԴ նախագահին։ Պարզապես կարելի է գուշակություններ անել անուղղակի ցուցանիշներից, ինչպես, օրինակ, հարյուր հազարավոր ռուս երիտասարդներ, ովքեր փախել են երկրից՝ զորահավաքից խուսափելու համար։ Բայց մենք նաև կարող ենք տեսնել շատ մարդկանց, ովքեր անցել են զորահավաքի տարիքը ու էլի դեմ են: Այդ մարդիկ ռեժիմի ընդդիմությունն են և դա հրապարակավ են ասում, կամ նրանցից ոմանք լուռ ընդդիմություն են։ Պուտինին աջակցությունը չի կարող այնքան բարձր լինել, որքան ցույց են տալիս ռուսական սոցհարցումները: Նույնիսկ Արևմուտքում ոմանք կարծում են, որ Պուտինը դեռ մեծ աջակցություն է վայելում: Եվ այժմ Նադեժդինին այս հսկայական աջակցությունը կարող է վկայություն լինել այն բանի, որ ռուսաստանցիները չեն աջակցում Ուկրաինայի դեմ պատերազմին։ Կարո՞ղ ենք այսպես ասել։ Ինչպե՞ս կվերլուծեք այս պարադոքսը։

Բրայան Ուիթմոր․ - Առաջին հերթին, ես կարծում եմ, որ մենք պետք է իսկապես շատ զգույշ լինենք Ռուսաստանում հասարակական կարծիքի հարցումների հարցում: Ռուսաստանցիները բնազդային զգացողություն ունեն հասկանալու, թե ինչ կարծիք պետք է ունենան, ու ասում են, որ այս կարծիքի են: Սա իրական հասարակական կարծիքի հարցում չէ, ինչպես մենք դա հասկանում ենք արևմտյան ժողովրդավարական երկրում: Այնպես որ, այն, որ թղթի վրա, ըստ հասարակական կարծիքի հարցումների, Պուտինը կարծես թե բարձր վարկանիշ ունի, դրա ուղիղ արդյունքն է։ Մարդիկ հասկանում են, որ իրենք պետք է աջակցեն Պուտինին, ուստի արտահայտում են այդ աջակցությունը։ Դա գոյատևման բնազդ է, որը մարդիկ ունեն: Մյուս բանն այն է, որ երբ մենք չափում ենք Պուտինի աջակցությունը, այն չափում ենք անհայտի, քաոսի համեմատ։ Այսպիսով, այս մթնոլորտում 80 տոկոսանոց վարկանիշից մինչև 1 տոկոսանոց վարկանիշ ունենալու ճանապարհը կարող է շատ կարճ լինել: Սա առաջին բանն է, որ կասեի հանրային կարծիքի մասին: Ինչ վերաբերում է պատերազմին, եթե պատերազմը ձգձգվի և շարունակվի այնպես, ինչպես որ կա և շարունակի ազդել հասարակ ռուսաստանցիների կյանքի վրա, չեմ կարծում, որ պատերազմն իրականում շատ աջակցություն ունի, բայց Դուք ճիշտ եք, սա դժվար է չափել հենց հիմա, դա չափազանց դժվար է չափել այն պատճառներով, որոնք ես հենց նոր ընդգծեցի: Ինչ ենք մենք ակնկալում այս տարի։ Այս մասին ռազմական վերլուծաբանների հետ իմ ունեցած քննարկումներում մենք եզրակացնում ենք, որ ակնկալում ենք, որ այս տարին բավականին ծանր տարի կլինի Ուկրաինայի համար: 2023 թվականն այն տարին էր, երբ Ուկրաինան հույս ուներ ձեռքբերումներ ունենալ։ 2024 թվականն այն տարին է, երբ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կփորձի ձեռքբերումներ ունենալ։ Եվ այս տարի Ուկրաինան կփորձի ոչ մի տարածք չզիջել, կփորձի պահել բնագիծը, Ղրիմին հարվածներով հնարավորինս շատ անհանգստացնել Ռուսաստանին, խափանել ռուսական գործողությունները Ղրիմում, խափանել ռուսական գործողությունները Սև ծովում, ռուսների համար պատերազմն իրենց տուն բերել՝ հարվածելով Բելգորոդի նման վայրերը: Եվ սա ավելի կպակասեցնի [Ռուսաստանում] պատերազմի աջակիցների քանակը: Ուկրաինան հույս ունի դիմանալ այս տարի, որպեսզի նրանք կարողանան հակահարձակում ունենալ 2025 թվականին: Այսպիսով, ես ակնկալում եմ, որ պատերազմին աջակցությունը կշարունակի նվազել, քանի դեռ Ռուսաստանը այս տարի շատ լուրջ ձեռքբերումներ չի ունեցել: Բայց սա երկար պատերազմ է լինելու: Ես կարծում եմ, որ մենք պետք է ձերբազատվենք այն պատրանքներից, որ այս պատերազմը շուտով կավարտվի: Իմ գնահատականն այս պահին այն է, որ այս պատերազմի առնվազն ևս երկու տարի դեռ կշարունակվի: Այս մասին հակասական մտքեր կան։ Ոմանք ասում են, որ երկար պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այն ավելի մեծ երկիր է, ավելի շատ մարդկային ռեսուրս ունի՝ պատերազմին նետելու համար, ոմանք ասում են, որ երկար պատերազմն իրականում ձեռնտու է Ուկրաինային, քանի որ ուկրաինացիներն այդ կերպ ապացուցում են, որ աներևակայելի տոկուն են, իսկ Ռուսաստանի համար վիճակը գնալով բարդանալու է, իսկ պատժամիջոցները կշարունակեն ազդել։ Շատ առասպելներ կան, որ պատժամիջոցները չեն աշխատում, որ Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է դրանց ազդեցությունը: Կարծում եմ, որ ռուսները լավ աշխատեցին՝ տնտեսությունը ճկուն պահելու համար, բայց նրանց կարողությունը հետագայում կթուլանա։ Առանց արևմտյան շուկաներ մուտք գործելու հնարավորության՝ էներգիայից ստացված իրենց միջոցները կշարունակեն նվազել: Չինական շուկան էլ չի փոխհատուցում այն կորուստները, որ Ռուսաստանը կրում է եվրոպական շուկաներում։ Այսպիսով, մյուսներն ասում են, որ երկար պատերազմն իրականում ձեռնտու է Ուկրաինային։ Բայց, անկախ սրանից, ես ակնկալում եմ, որ այս պատերազմը կշարունակվի առնվազն ևս երկու տարի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG