Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

«Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել», - այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում առանց Ռուսաստանի անունը տալու հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պատերազմից ի վեր ստեղծված վիճակը։

Նա հիշեցրեց 2021 թվականի մայիսին՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ՀԱՊԿ-ի ու դաշնակիցների անգործությունը. - «Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձևավորելը»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ վերջին տարիներին մի քանի անգամ հարձակումներ են եղել, ժողովրդավարությունը ուժեղ հաարվածներ է ստացել և շարունակում է ստանալ միշտ նույն սցենարով՝ նախ արտաքին ագրեսիա, ապա դաշնակիցների անգործություն, հետո արդեն նոր պատերազմի սպառնալիքի կամ հումանիտար ճգնաժամի օգտագործում Հայաստանում ներքին ցնցումներ առաջացնելու, ինքնիշխանությունը վտանգելու համար, սակայն վստահեցրեց՝ ամեն անգամ Հայաստանի ժողովուրդն ու ժողովրդավարությունն են փրկել Հայաստանի ինքնիշխանությունը:

«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», - ասաց Հայաստանի վարչապետը:

«Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այժմ առաջին հերթին հրատապ աջակցության կարիք ունի ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներին տեղավորելու համար. - «Մենք այդ գործը պատվով կատարեցինք: Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու: Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ»:

Վարչապետ Փաշինյանը նաև շեշտեց՝ չի ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը Ղարաբաղի հայաթափման առիթով, այն, որ Ադրբեջանը էթնիկ զտման հստակ ծրագիր է իրականացնում, երևանն ահազանգում էր ամիսներ շարունակ, սակայն ոչ միջազգային հանրությունը, ոչ միջազգային դատարանի որոշումները, ոչ ոք և ոչինչ չկարողացան կանխել Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, և Ռուսաստանի խաղաղապահների անգործության պայմաններում Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց:

«Եվ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը», - նկատեց նա:

Փաշինյանը նշեց՝ ինքը Եվրոպական խորհրդարան է եկել խաղաղության ուղերձով և շարունակելու է խաղաղության օրակարգը, Հայաստանը պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել անվտանգությունը, բայց ոչ որպես արտատարածքային միջանցք. - «Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ՝ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է»։

Նա նաև մտավախություն հայտնեց՝ Գրանդայի հանդիպումը տապալած Իլհամ Ալիևը, որ մինչ օրս չի հայտարարել 29 հազար 800 քառակուսի կիլոմետրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, «միջանցքի» հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ։

Վարչապետ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել՝ եվրոպական միջնորդությամբ կայացած հանդիպումներում ուրվագծված սկզբունքների հիման վրա. - «Եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական»:


Փաշինյանը նաև նշեց, որ պատրաստ է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ և պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի:

Իր ելույթը Նիկոլ Փաշինյանն ավարտեց «կեցցե՛ ժողվրդավարությունը» արտահայտությամբ, ինչին եվրոպացի պատգամավորները արձագանքեցին հոտնկայս ծափահարություններով։

XS
SM
MD
LG