Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվում է «Արամ Խաչատրյան-120» եռօրյա միջազգային կոնֆերանսը


Աշնանային այս օրերը հագեցած են ամենատարբեր մշակութային իրադարձություններով, որոնցից երեքը մեկնարկեցին հենց այսօր։

Այս տարի նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան120-ամյա հոբելյանը, որի շրջանակներում այսօր առավոտյան Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Արամ Խաչատրյան-120» խորագրով եռօրյա միջազգային կոնֆերանսը՝ նվիրված 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորի թողած ստեղծագործական ժառանգությանն ու նրա անցած ուղուն։

Կոնֆերանսին մասնակցում են և բանախոսություններով հանդես կգան անվանի երաժշտագետներ, արվեստանաններ 8 երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Նիդեռլանդիայից և այլ երկրներից։ Մասնակիցների համար ԳԱԱ ճեմասրահում կազմակերպվել է խաչատրյանագիտական ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություն։ Իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարնում այս օրերին կազմակերպվել է «Հավերժ երախտապարտ Արամից» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Ելենա Գնեսինայի Մոսկվայում գտնվող թանգարանի նյութերը։

Արամ Խաչատրյանի հոբելյանական այս միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համատեղ ջանքերով, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Համազգայինը նշում է հիմնադրման 95-ամյակը

Այսօր Ժողովրդական ստեղծագործության թանգարանում «Արցախ․ անավարտ պատերազմ» Դավիթ Ղահրամանյանի պատկերագրքի շնորհանդեսով մեկնարկեցին նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 95-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մի շարք ուշագրավ մշակութային իրադարձություններ են նախատեսում՝ Համազգայինի հրատարակած վերջին գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսի բացում, «Բագին» պարբերականի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսություն Ազգային գրադարանում։ Իսկ սեպտեմբերի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Համազգայինի հիմնադրման 95-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը։

«Օպերա բաց երկնքի տակ»

Օպերային արվեստի սիրահարներն էլ այսօրվանից սկսած ամեն երեկո մինչև սետեմբերի 15-ը ներառյալ կարող են ներկա գտնվել «Օպերա բաց երկնքի տակ» խորագրով բացառիկ ծրագրին, որը կազմակերպել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ երաժշտական ղեկավար և տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ։ Նրա ղեկավարությամբ էլ այսօրվանից սկսած առաջիկա օրերին ամեն երեկո Թումոյի այգում կներկայացվեն օպերային թատրոնի խաղացանկային լավագույն ներկայացումները։ Այսօր և վաղը օպերային արվեստի երկրպագուներին կներկայացվի Արմեն Տիգրանյանի հանրահայտ «Անուշ» օպերան, հետագա օրերին՝ հաջորդաբար Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերան և ծրագիրը կեզրափակվի «Օպերա-գալա» համերգով, որին կմասնակցեն մեր լավագույն օպերային երգիչները՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG