Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիին կրկին Հայաստանում է


«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով երկօրյա հյուրախաղերով Հայաստանում է գտնվում ճապոնացի աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիին։ Նա այս երեկո մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում։

Նախօրեին նրա համերգը տեղի էր ունեցել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի Բյուրականում հիմնադրած Արվեստի միջազգային ակադեմիայում։

«Անչափ ուրախ ենք, որ վերջապես ստացվեց օրեր ստանալ Հայաստանի համար, երկու համերգ։ Երեկ երեկոյան նա նվագեց մեր փառատոնի ակադեմիայում Բյուրականում։ Դժվար է բառերով փոխանցել այդ զգացողությունը, այդ էմոցիան. և' վիրտուոզ է, և' հրաշք են իրեն անվանում, և' մոտիվացնում է մարդկանց և ներկաներին։ Ներկա էին երաժիշտներ և արվեստագետներ, բիզնեսմեններ, և բոլորի համար անխտիր դա լավագույն մոտիվացիա էր, երբ որ տեսնում ես սահմանափակ կարողություններով մարդ նման ուժ, նման բարություն, նման էներգիա ա կրում իր մեջ։ Իրեն ճիշտ են անվանում, որ ֆենոմեն է և բժշկելու հատկություն ունի իր նվագը։ Խոսքը բավական չէ նկարագրելու համար այն զգացողությունը, որ երեկ երեկոյան մենք ապրեցինք։ Անհամբեր սպասում ենք այսօրվա համերգին, դա մեծ տոն է, մեծ նվեր է մեր հասարակության համար», - ասաց փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

Ի ծնե կույր Նոբույուկի Ցուջիին նվագել սկսել է 2 տարեկանից և այսօր 35 ամյա ճապոնացի դաշնակահարը ողջ աշխարհում հայտնի է իր վիրտուոզ կատարումներով՝ հանդես գալով թե' մենահամերգներով, թե' աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ նշանավոր դիրիժորների ղեկավարությամբ։

«Զարմանալի է, թե ինչպես է նա այդ երաժշտական ստեղծագործությունները սովորում», - ասաց Սոնա Հովհաննիսյանը։ - «Որովհետև մենահամերգներին զուգահեռ նաև նվագում է աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ, ամենահանրահայտ դիրիժորների հետ, և նվագում է դասական երկացանկի ամենագեղեցիկ ու բարդ կոնցերտները՝ Չայկովսկու առաջին կոնցերտն է նվագում, Գրիգ է նվագում, Ռախմանինովի երրորդ կոնցերտը, շատ-շատ ուրիշ կոնցերտներ։ Գիտեմ, որ սկզբում փորձել են իրեն ներկայացնել գրված, որը որ շոշափելով են սովորում, բայց դա բավականին արդյունավետ չի եղել, և հիմա նա ամեն ինչ սովորում է իր լսողությամբ։ Հստակ նվագում է այնպես, ինչպես ցանկացած տեսնող դաշնակահար։ Երբ որ նվագը լսում ես, ոչ մի տարբերություն չի զգացվում, բայց զարմացնում է վիրտուոզությունը։ Բարդագույն բոլոր կոնցերտները, դուք տեսեք ինչ հագեցած մենահամերգի ծրագիր է, և նա շատ առատ է «բիս»-երի հարցում, այսինքն՝ համերգից հետո կարող է քառասուն րոպե «բիս» նվագել»։

Նոբույուկի Ցուջիին սակավախոս է, սակայն համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախևառաջ ընդգծեց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ Հայաստան էր եկել կրկին փառատոնի հրավերով և հեռացել հրաշալի տպավորություններով։ Այդ է պատճառը, որ փառատոնի հրավերը՝ կրկին հանդես գալու Հայաստանում, ընդունել է մեծ հաճույքով։ Հուսով է, որ այս անգամ ևս մեր հանդիսատեսը մեծ սիրով կմասնակցի իր մենահամերգին այսօր երեկոյան, ինչպես տեղի ունեցավ երեկ երեկոյան Բյուրականում։

Հավելեց նաև, որ կյանքում իր համար ամենամեծ տեղը զբաղեցնում է երաժշտությունը, որով նա ապրում է վաղ մանկությունից։ Ամենասիրած կոմպոզիտորը Շոպենն է, բայց իր նվագած բոլոր ստեղծագործութնունները կատարում է գերագույն հաճույքով։ Հայ կոմպոզիտորներ առայժմ իր երկացանկում չկան, բայց շատ լավ ծանոթ է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին։

Այս երեկո իր մենահամերգի ընթացքում Նոյուբուկի Ցուջիին կներկայացնի Բեթհովենի, Լիստի, Ռավելի և այլոց դաշնամուրային ստեղծագործությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG