Մատչելիության հղումներ

Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակվում են


Այս տարեսկզբից ամենատարբեր իրադարձություններով նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը, որը լրացավ հունիսի 6-ին։ Հոբելյանական այս իրադարձությունների իրագործման մեջ իր որոշակի տեղն ու դերն ունի Արամ Խաչատրյանի թանգարանը, որի տնօրենի՝ անվանի դաշնակահար, «Խաչատրյան» տրիոյի հիմնադիր ղեկավար Արմինե Գրիգորյանի խոսքով. - «Տարին հոբելյանական է, և այն դեռ շարունակվում է և կավարտվի միայն 2024 թվականի հունիսի 6-ին։ Ճիշտ է՝ բազմաթիվ արդեն ծրագրեր, նախագծեր իրականացվել են և դեռ ընթացքում են, տեղի կունենան թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»։

Արմինե Գրիգորյանը նշեց՝ արդեն իսկ մի շարք ուշագրավ հոբելյանական ծրագրեր են իրականացվել թե թանգարանի, թե «Խաչատրյան» տրիոյի կողմից ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և արտերկրում՝ համերգներ, ցուցահանդեսներ, փառատոներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլն։ Ուշագրավ է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանը նշանավորվել է նաև Արգենտինայում և Ուրուգվայում կայացած համերգներով։

«Որտեղ 1997 թվականին համերգային շրջագայությամբ հանդես էր եկել դեռ մաեստրոն, և մինչ այսօր այդ հիշողությունները թարմ էին և պահպանվում էին։ Այդ համերգները մինչև այսօր որպես մեծ մշակութային իրադարձություն մնացել են տեղի հասարակության հիշողության մեջ», - նշեց նա։

«Խաչատրյան» տրիոյի համերգները Արգենտինայում և Ուրուգվայում երաժշտասերների կողմից ընդունվել են մեծ ոգևորությամբ՝ մեկ անգամ ևս համոզելով, որ խաչատրյանական երաժշտությունը սիրելի և հոգեհարազատ կարող է լինել աշխարհի ցանկացած երկրում։ Նույն ոգևորությամբ խաչատրյանական համերգները դիմավորել են նաև Իտալիայում, որտեղ տրիոն համերգներով հանդես է եկել մի շարք քաղաքներում։ Ընդամենը մի քանի օր առաջ տրիոն վերադարձել է Իրանից, որտեղ ևս հանդես է եկել մի շարք համերգներով՝ հնչեցնելով Խաչատրյանի ստեղծագործությունները։

Արմինե Գրիգորյանն ասաց, որ այս բոլոր համերգային ծրագրերը տարբեր երկրներում իրականացվել են պետական ֆինանսավորմամբ։

«Այս պահին պատրաստվում ենք կոնֆերանսի, որն իրականացնելու ենք Արվեստի ինստիտուտի հետ համատեղ սեպտեմբերի 12-14-ը, միջազգային կոնֆերանս է լինելու, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր, և ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր հյուրերից մեկը լինելու է Արամ Խաչատրյանի թոռնուհին, ում հետ ջերմ, բարեկամական կապերի մեջ ենք։ Նա երաժիշտ է, նաև թանգարանագետ է։

Կլինեն բազմաթիվ մասնակիցներ թե Հայաստանից, թե այլ երկրներից։

Այնուհետ պատրաստում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր այց Ստամբուլ սեպտեմբերին, այնտեղ ՀՀ Սևծովյան տնտեսական համագործակցության մշտական ներկայացուցչության կողմից է կազմակերպված այդ այցը։ Այցի շրջանակներում կլինի թե համերգ տրիոյի մասնակցությամբ, թե կլոր սեղան քննարկում, որը տեղի կունենա Ստամբուլի ամենաճանաչված թանգարաններից մեկում՝ Պեռա թանգարանն է, որի տնօրինությունը շատ ոգևորված է և ուզում է, որ անպայման այդ կլոր սեղանը տեղի ունենա հենց իրենց մոտ։

Ես անձամբ դասախոսությամբ հանդես կգամ։ Հրավիրված է նաև Շահան Արծրունին, ինքը նույնպես դասախոսությամբ հանդես կգա, նաև Ստամբուլի երաժշտագիտական ասպարեզից երկու ճանաչված անձինք նույնպես հանդես կգան դասախոսություններով»։

Աշնանային հաջորդ ամիսներին Խաչատրյանական տրիոն հոբելյանական համերգներով հանդես կգա նաև Հունաստանում և ապա կրկին ռուսական քաղաքներում, հետո Չինաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Տարին շատ հագեցած է և դեռ շարունակվում է, բայց ասեմ, որ թանգարանի ներսում նույնպես ունենք նորություններ. թանգարանի ցուցասրահներում վերջերս երկու նորամուծություն ավելացավ՝ մեկը ակնոցների օգնությամբ մեր այցելուն կարող է ներթափանցել իր աշխատասենյակ և 3D ձևաչափով հետևել, թե ինչպես է մեր մեծ մաեստրոն իր գործիքի մոտ նստած աշխատում։ Դա շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր այցելուների շրջանում։ Երկրորդը՝ նոր հպազգայուն տեսադարան է, որը տեղադրվել է մեր ցուցասրահներից մեկում, որը նվիրված է Խաչատրյանի ֆիլմերի համար գրված երաժշտությանը։ Այստեղ մենք ներկայացնում ենք թե իր կողմից ստեղծված երաժշտությունը ֆիլմերի համար, թե այն ֆիլմերը, նաև մուլտֆիլմերը, որտեղ իր երաժշտությունը օգտագործվել է և շարունակում է հնչել։ Բազմաքանակ են դրանք և մեծ հետաքրքրություն են առաջացնում», - հայտնեց Արմինե Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG