Մատչելիության հղումներ

Հայկական գորգարվեստը ներկայացնող ցուցադրություն՝ Պատմության թանգարանում


Աշնանային առաջին իսկ օրերին հայ արվեստասերներին մի շատ ուշագրավ իրադարձություն է սպասվում Պատմության թանգարանում, որտեղ սեպտեմբերի 3-ից «Ձայներ հավաքական անցյալից․19-րդ դարի հայկական գորգարվեստը․ նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրի ներքո կբացվի հայկական հարուստ գորգարվեստը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։ Այն կգործի մեկ տարի։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Թուֆենկյան գորգերի հավաքածուի նմուշները առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում և Պատմության թանգարանի հետ այս համագործակցությունը համատեղ ցուցահանդես բացելու հրաշալի հնարավորություն է ստեղծել։

«Պետք է ուրախությամբ նշենք, որ ամսի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է մի հետաքրքիր ցուցահանդես, որը կարելի է ասել, համագործակցության և համատեղ մի նախաձեռնություն է՝ ներկայացնելու Ջեյմս Թուֆենկյանի երկար տարիների ընթացքում հավաքված ու առաջին անգամ նման ծավալով տասնյակից ավելի գորգերի ներկայացումը որպես նախաձեռնություն: Սա շատ կարևոր մի հետաքրքիր կողմ ունի, որովհետև անցած տարվանից թանգարանում գործում է թանգարանի հավաքածուի հիման վրա ստեղծված «Դրվագներ ինքնության գորգ» ցուցահանդեսը, այս ցուցահանդեսը հնարավորություն է նորովի նայել նաև Հայաստանից դուրս հավաքված հայկական գորգերին ու նաև դրանց տուն վերադարձի կոնտեքստը ինչ-որ առումով», - նշեց Պողոսյանը:

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը այս ցուցահանդեսը շատ կարևոր է համարում մի քանի պատճառով. - «Թուֆենկյան հավաքածուն արդեն լրիվ մի նոր մոտեցմամբ է նայելու հայկական գորգարվեստին, և սա հնարավորություն է տալու մեր այցելուներին և՛ մեր գորգերի հավաքածուն, և՛ Թուֆենկյան գերգերի հավաքածուն համադրելու և նորովի բացահայտելու հայկական այս կարևոր մշակութային ժառանգության բազմազանությունը»:

Այս ցուցահանդեսը Պողոսյանը շատ կարևոր է համարում նաև մեկ այլ պատճառով՝ պատճառ, որը սերտորեն աղերսվում է հայկական գորգարվեստի բազմադարյա գոյության, հարուստ ժառանգության և այն ժխտելու միտումների հետ։

«Մենք տեսնում ենք, որ այս ժառանգության վրա, ցավոք, հարձակումներ կան, փորձեր են արվում հաճախ սեփականացնել, ժխտել, որ ընդհանրապես հայերը կապ ունեն գորգագործության հետ, բայց հայերը ոչ միայն կապ ունեն, այլ մեր թանգարան ներկայացված նմուշներով բացահայտվում է, որ դեռ անհիշելի ժամանակներից կապ ունեն ոչ միայն ստեղծման, այլ նաև տարածման հետ», - ասաց նա:

Դավիթ Պողոսյանը շեշտեց նաև, որ սեպտեմբեր ամսին Պատմության թանգարանում նախատեսված են մի շարք այլ ուշագրավ իրադարձություններ, այդ թվում և մշտական ցուցադրություններից մեկի բացումը։

Սեպտեմբերի 9-ը մեկդարից ավելի պատմություն ունեցող թանգարանի հիմնադրման օրն է. - «Այս տարի ևս սեպտեմբերի 9-ին մենք նախատեսում ենք վերաբացել ևս մի բավականին հետաքրքիր հատված, որը շարունակությունն է լինելու մշտական ցուցադրության և կրելու է «Քրիստոնեա Հայաստան» խորագիրը»:

Մշտական ցուցադրությունները ուղեկցվում են բազմաթիվ ժամանակավոր ցուցադրություններով և ոչ միայն թանգարանի ներսում։

«Այսօր մենք մի ցուցահանդես ունենք Սոֆիայում տեղի Հայ բարեգործական ընկերության հետ համատեղ, Տերյան մշակութային կենտրոնի հետ: Մեր աշխատակիցներից մեկն այնտեղ ներկայացնում է հայկական ավանդական տարազը: Տերյան մշակութային ընկերության հետ մենք նաև համագործակցում ենք ու շատ մոդելներ, բնականաբար, արված են հենց թանգարանի աղբյուրագիտական հիմքի վրա, որովհետև ամենանշանավոր տեքստիլի ու տարազների հավաքածուն հենց մեզ մոտ է պահպանվում», - ընդգծեց Դավիթ Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG