Մատչելիության հղումներ

Կարելի է գնալ և թատրոն, և զբաղվել շատ լուրջ հարցերով, լուրջ հարցը տանը նստել և ողբալը չէ. Ռուբեն Բաբայան


Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն այս օգոստոսին, ինչպես այլ թատրոններ ևս, չի աշխատելու և հաջորդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 9-ից, «Ազատությանն» ասաց թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ շեշտելով, որ անցած թատերաշրջանը շատ արդյունավետ է եղել։

«Ընդունված բան է, որ օգոստոս ամսին բոլոր թատրոնները գնում են արձակուրդ։ Լավ թատերաշրջան էր, հետաքրքիր բեմադրություններ ունեցանք, հյուրախաղեր, փառատոններ, շատ մեծ քանակությամբ հանդիսական, նաև այցեր և մարզեր, և զորամասեր, և Լեհաստան, Սլովակիա, Ռուսաստան, Ղազախստան», - հայտնեց նա։

Ռուբեն Բաբայանը համոզված է, որ շատ կարևոր է յուրաքանչյուր թատրոնի և թատերախմբի համար հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ Իրենք շարունակում են այդպես իրագործել իրենց ստեղծագործական աշխատանքը, որի անքակտելի մասն է երիտասարդ դերասանների և ռեժիսորների աշխատանքը թատրոնում։ Տիկնիկային թատրոնը բեմադրություններ է ներկայացնում թե մանուկների, թե մեծահասակների համար և երկու դեպքում էլ ներգրավում երիտասարդ ուժերի։

Բազմաթիվ պրեմերաներ թե անցած, թե գալիք նոր թատերաշրջանի ընթացքում, հյուրախաղեր, փառատոների մասնակցություն և այլն, անգամ այս արձակուրդային օրերին թատրոնը աշխատում է. - «Կան որոշակի վերանորոգման աշխատանքներ, տարվա ընթացքում 60 հազար հանդիսատես է գալիս, հիմնականում երեխաներ։ Պատկերացրեք, որ կարիք կա այդ ամեն ինչը վերանորոգելու՝ բեմը, աթոռները, դահլիճը»։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը ոչ միայն բեմադրավայր է, այլ նաև շատ աշխույժ մշակութային մի հաստատություն, որտեղ հաճախ տեղի են ունենում համերգներ, գրքերի շնորհանդեսներ, բացվում ցուցահանդեսներ։

«Մի ամիս առաջ Ճապոնիայի կառավարության նախաձեռնությամբ դեսպանատան հետ համատեղ մենք բացեցինք այստեղ ճապոնական տիկնիկների ցուցահանդես։ Արտակարգ հետաքրքիր, որոնք ներկայացնում էին ամբողջ Ճապոնիան՝ մոտ 70 տիկնիկ։ Մեր առաջին հարկում տեղադրված են մեր տիկնիկները, այդ բոլորը հանեցինք, և մի ամիս ինչ հաճույքով նայում էին մարդիկ, գրում էին իրենց կարծիքները, դեսպանատունը նաև թերթիկներ թողեց, որպեսզի հավաքի։ Մարդիկ ծանոթանում էին մշակույթի հետ» - ասաց Ռուբեն Բաբայանը։

«Մենք հաճախակի կոչ ենք անում սիրել, ասում ենք՝ սիրեք մեր մշակույթը, մեր երկիրը, այդ սիրելուց առաջ պետք է ճանաչես, մնացածը փուչ խոսքեր են։ Նույնը նաև ուրիշ մշակույթը, մերժել և այլն, մի հատ ճանաչեք… Բոլոր դեպքերում մենք ճանաչում ենք Ճապոնիայի կինոն, գրականությունը, ճապոնական թատրոնը…», - հավելեց նա։

Ճապոնական տիկնիկների այդ հրաշալի ցուցահանդեսին ծանոթացել են նաև արցախցի երեխաները։ Ռուբեն Բաբայանը սա շատ կարևոր ձեռքբերում է համարում։

«Մենք կապվեցինք Ստեփանակերտի հետ, և Ստեփանակերտի թատրոնի երեխաների համար օնլայն էքսկուրսիա անցկացրինք։ Մեր թանգարանի վարիչը, մոտ մեկ ժամ ցույց տալով բոլոր տիկնիկները, պատմելով պատմությունը, տեսնեիք՝ ոնց էին այդ երեխաները նայում։ Իհարկե, ողբերգական վիճակ է, բայց երբեք պետք չի ծալել ձեռքերը, նույնիսկ ամենաբարդ վիճակում յուրաքանչյուրս կարող ենք ինչ-որ բան անել, որպեսզի այդ մարդիկ չզգան իրենց մեկուսացված։

Կարելի է լաց լինել, ողբալ, սուգ անել, բայց իրականում այդ ամեն ինչն անարդյունավետ է, և ես կարծում եմ՝ շատ-շատերս ունենք անելու գործ, յուրաքանչյուրս մեր ոլորտում», - նշեց նա՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, կշարունակեն։

«Որովհետև եթե դու հրաժարվում ես, դու պետք է ամեն ինչում, ամեն քայլափոխին ապացուցես, որ դու ապրելու ես, որ քեզ հնարավոր չէ կոտրել, և մեկը մյուսին չի խանգարում. կարելի է գնալ և թատրոն, և զբաղվել շատ լուրջ հարցերոով։ Լուրջ հարցը տանը նստել և ողբալը չէ, գործ արա, ապրի, կյանքի իմաստը կյանքն է, արժեքը կյանքն է։ Մահն է տրվում մի անգամ, կյանքը տրվում է ամեն օր», - շեշտեց Ռուբեն Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG