Մատչելիության հղումներ

Արտաշատի թատրոնը հրավիրում է հայ-իրանական համագործակցությամբ ստեղծված ներկայացումների առաջնախաղին


Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ուշագրավ համագործակցություն է սկսել իրանական «Թանդիս» թատերախմբի հետ։

Այս թատերախումբը, ինչպես այսօր հրավիրված ասուլիսին ներկայացնում էր թատերախմբի տնօրեն, տիկին Ֆաթիմեհ Աբդոլռահիմին, ստեղծվել է անցյալ տարի իրանցի մի խումբ ռեժիսորների և դերասանների ակտիվ գործունեության շնորհիվ։ Նրանք երկրում քովիդի տարածման ամենածանր շրջանում մարդկանց մեկուսացումից ինչ-որ կերպ փրկելու համար թատերախումբ են ստեղծել և սկսել իրենց ստեղծագործական աշխատանքը, որի արդյունքում արդեն կարողացել են հանդես գալ ավելի քան 22 բեմադրությամբ, նաև մրցանակների արժանանալ արտասահմանյան փառատոներում։

Իսկ հիմա համատեղ բեմադրություններով հանդես են գալիս Արտաշատում՝ Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան գործուն աջակցությամբ։

«Մենք արդեն մեկ ամիս է համագործակցում ենք իրանական կողմի հետ՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդով և առաջարկով։ Պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ այս համագործակցության համար, շատ կարևորում ենք միջազգային համագործակցությունը, աշխատում ենք իրանական կողմի դերասանների և բեմադրիչների հետ։ Աշխատանքը բավականին լավ է ընթանում, և առաջիկայում կունենանք երկու լավ ներկայացումներ։ Նախատեսում ենք նաև հետագայում ներկայացումներով հանդես գալ թե' Հայաստանում, թե' Իրանում կայանալիք միջազգային փառատոներին», - նշեց Արտաշատի դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը։

Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջկա շաբափ օրը՝ հուլիսի 29-ին հայ և իրանցի թատերասերներին հրավիրում է միաժամանակ երկու պրեմիերայի։ Մուտքն ազատ է և անվճար։ Ներկայացումները երկլեզվյա են։ Դրանցից մեկը՝ «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրազադի համար» խորագրով հայ և իրանցի դերասանների մասնակցությամբ բեմադրել է իրանական «Թանդիս» թատերախմբի ռեժիսոր, դերասան, նաև պիեսը հեղինակած Համեդ Շեյխը։

Նա ասաց, որ այս պիեսը գրել է Նիզամի Գյանջավիի «Խոսրով և Շիրին» խորագրով պատմության և հանրահայտ «Հազար ու մեկ գիշեր»-ից վերցրած պատմությունների հիման վրա՝ կերտելով պարսից արքա Խոսրովի և հայ արքայադուստր Շիրինի սիրո գեղեցիկ պատմությունը, որը սերտորեն առնչվում է հայ-իրանական հարաբերությունների դարավոր անցյալին։

Իսկ մյուս պիեսը, որը կոչվում է «Զուգահեռ շրջան» գրել է «Թանդիս» թատերախմբի մեկ այլ դերասան և ռեժիսոր Մոջթաբա Զաֆարիֆուրը։ Նրա խոսքով, աշխարհն այսօր լի է պատերազմներով, ողբերգություններով և դժբախտություններով, և իր պիեսն այն մասին է, թե ինչպես ի վերջո կարելի է փոխել աշխարհի այս հազարամյա ընթացքը և այն ավելի բարի, արդար և լավը դարձնել՝ վերացնելով այն ամենն ինչ վատն է, չար և սոսկալի այս աշխարհում։

Հայ-իրանական թատերական այս համագործակցությունը հնարավոր է դարձել «Հայաստան կրթամշակութային կամուրջ» կազմակերպության ղեկավար, թարգմանչուհի Արմինա Սարգսյանի ջանքերով. - «Արտաշատի թատրոնի հետ իմ միջոցով է եղել՝ «Հայաստան կրթամշակութային կամուրջ»-ի։ Նախ, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ինձ ներկայացրեց «Թանդիս» խմբին, և հենց այսօր մենք կկնքենք նաև այդ հուշագիրը՝ իրենց ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Կամո Նաղդալյանին, որոնվհետև ցանկացած համագործակցության ընթացքում մենք գիտենք, որ հարթ չի ընթանում ոչինչ, խնդիրներ են առաջանում, Եվ որպես ճիշտ հայի, լավ հայի իսկական տեսակը, մեծ աջակցություն ցուցաբերեց պարոն Նաղդալյանը, անգամ ներկայացումները չեղարկվեցին, որպեսզի կայանա այս համագործակցությունը»։

«Ազատության» հարցին, թե ինչու ընտրվեց հենց Արտաշատի թատրոնը, Սարգսյանը պատասխանեց. - «Որովհետև նպատակը նաև այն է, որ ապակենտրոնացված լինի համագործակցությունը և մշակութային իրադարձությունները։ Ի վերջո, Արտաշատը հենց առաջին քաղաքն է, որտեղ առաջին թատերական ներկայացումն է եղել»։

«Շատ հետաքրքիր ֆորմատ է ընտրված, դերասանները խոսում են և' հայերեն, և' պարսկերեն։ Կարևորում ենք այս համագործակցությունը, մշակութային երկխոսությունը շատ կարևոր է։ Եվ մեզ մոտ ստացվել է այս պահի դրությամբ։ Սիրով բոլորիդ հուլիսի 29-ին ժամը 17-ին և 19-ին հրավիրում ենք մասնակցելու ներկայացման առաջնախաղին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG