Մատչելիության հղումներ

«Որևէ ընտրակարգ ՀՀԿ-ին ձեռնտու չէ». Հակոբ Բադալյան


Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, ընտրակարգի նշանակությունը օրինականության վրա, ընտրության ազատության վրա էական նշանակություն չունի։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Բադալյանից, թե հին Ընտրական օրենսգիրքը, որը բազմիցս քննադատվել է գործող իշխանությունների կողմից, արդյո՞ք շարունակում է վտանգներ պարունակել իր մեջ, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն լինի քաղաքական, այլ կլինեն թաղային հեղինակությունների ընտրություններ։

«Ես կարծում եմ, որ սկզբունքորեն խնդիրը քաղաքական հարթության մեջ է, այսինքն՝ ցանկացած ընտրակարգ իր մեջ վտանգներ պարունակում է, եթե երկրում չեն աշխատում իրավապահ մեխանիզմները, որոնք կոչված են ընտրախախտումների փորձերը կանխարգելելու, կատարված խախտումները հետաքննել, պատժել և այլն։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, որ ընտրակարգի նշանակությունը սկզբունքորեն օրինականության վրա, ընտրության ազատության վրա էական նշանակություն չունի», - ասաց Բադալյանը։

Դիտարկմանը, թե Հանրապետական խմբակցության գործարար թևը խորհրդարանում հայտնվել էր հենց ռեյտինգային ընտրակարգով, և հարցին, թե նրանք այս անգամ և՞ս կփորձեն լինել խորհրդարանում, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Կարծում եմ՝ փորձ անողներ կլինեն, ենթադրում եմ, որ կլինեն նաև մարդիկ, որոնք այժմ խորհրդարանում կան, բայց նոր խորհրդարանում լինելուց կհրաժարվեն՝ դրա անհրաժեշտությունը չեն տեսնի։ Այստեղ գործարարների համար ինչն է եղել խնդիրը՝ կա՛մ իշխանությունն է նրանց վրա դրել պարտականություն, մի կողմից, ծախսել և աշխատել կուսակցության համար, մյուս կողմից՝ նաև լինել խորհրդարանում որպես ձայն, որպես մանդատ, մեկ էլ գործարարներին հետաքրքրել է սեփական անվտանգությունը և անձեռնմխելիությունը։ Հիմա, եթե նոր իրավիճակում նրանց համար այդ խնդիրները չկան, եթե նրանք օրենքի դաշտում են աշխատում, ապա նրանց առնվազմ մի մասը, կարծում եմ, կհրաժարվի էդ ավելորդ բեռից, էդ ավելորդ պարտականությունից»։

Մեկ այլ հարցի, թե հին Ընտրական օրենսգիրքը ձեռնտո՞ւ է Հանրապետականին, Բադալյանը պատասխանեց. - «Ձեռնտուի մասին խոսելիս մենք նկատի ունենք հետևյալը, որ գործ ունենք մի համակարգի հետ, մի նախկին համակարգի հետ, որը հիմա բացարձակապես ապամոնտաժված, փլուզված վիճակում է, և սա շատ հարաբերական է դարձնում, թե ում կարող էր ձեռնտու լինել ընտրակարգը։ Ես կարծում եմ, որ որևէ ընտրակարգ այդ համակարգին ձեռնտու չէ, եթե խնդիրը դնում ենք հետևյալ կերպ՝ իրավապահ համակարգն աշխատելո՞ւ է ցանկացած օրինախախտման փորձ կանխելու ուղղությամբ, թե՞՝ ոչ։ Եթե օրենքը պահպանելու ֆունկցիան պետությունը և իրավապահները կատարում են, ես կարծում եմ, որ որևէ ընտրակարգի ձեռնտու լինելու մասին խոսք լինել չի կարող։ Էդ համակարգը փլուզված համակարգ է, հանրայնորեն մերժված համակարգ է, և ես չեմ կարծում, որ որևէ ընտրակարգի պայմաններում շանս ունի հասարակության թվեր ստանալու, կամ հասարակությանն ինչ-որ բան համոզելու համար»։

Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ կրկին տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը։ Այս անգամ չբավարարեց 1 ձայն․ անհրաժեշտ 63-ի փոխարեն կողմ քվեարկեց 62 պատգամավոր: Նշենք, որ փաթեթի ընդունումը խորհրդարանում տապալվել էր նաև հոկտեմբերի 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG