Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է՝ ինչու է Սյունիքի մարզպետ նշանակել Հունան Պողոսյանին


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում հանրահավաքի ժամանակ, 19-ը հոկտեմբերի, 2018թ․
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում հանրահավաքի ժամանակ, 19-ը հոկտեմբերի, 2018թ․

Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելիս հաշվի է առել այն, որ նախկին փոխոստիկանապետն ունի զինվորական բարձրագույն կոչում, կկարողանա հաղթահարել ու կանգնել բոլոր ռիսկերի դեմ և անհրաժեշտության դեպքում «ձեռքը խփել սեղանին»: Այս մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց ուրբաթ օրը Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածության մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը՝ որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող մարդ, որպեսզի կարողանա, ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել, և ահա այս երևույթների դեմ, պոտենցիալ ռիսկերի դեմ հստակ կանգնել և անհրաժեշտության դեպքում ձեռքը խփել սեղանին: Այդ թեմայի մասին մտածելիս ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա», - ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ երբ Հայաստանի ոստիկանապետ նշանակեց Վալերի Օսիպյանին, եղան քննադատություններ, նույնը եղավ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին նշանակելիս, սակայն որոշ ժամանակ անց քաղաքացիները սկսեցին ողջունել նրանց: Փաշինյանը հույս հայտնեց, որ հաջորդ անգամ Կապան այցելելիս մարդիկ նույն կերպ կողջունեն նաև Հունան Պողոսյանին:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 2013 թվականին Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իր արած հայտարարությանը, ասելով, որ այդ հայտարարությունը արել է հիմնվելով Շանթի խոսքերի վրա: «Այո, անհարմար վիճակ էր և միչև հիմա էլ անհարմար վիճակ է, քանի որ Շանթ Հարությունյանը մինչև հիմա չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ ասել, և չի տվել ցուցմունք և բացատրություն, բայց ես հիմա միջնորդել եմ, որպեսզի իրավապահ մարմինները նորից քննեն այդ գործը», - հավելեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Հունան Պողոսյանի պատասխանատվությունը կլինի այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմելը:

Նա փոխանցեց նաև, որ տվյալ հարցի շուրջ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ հարց է տվել Հունան Պողոսյանին և ստացել է պատասխան, սակայն չցանկացավ բարձրաձայնել պատասխանը՝ դա համարելով ոչ կոռեկտ․ - «Բայց կարող եմ ասել, որ այդ պատասխանը ինձ բավարարել է, մնացածը թող քննություն լինի, պարզի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բոլորը, այդ թվում այս հարթակին կանգնած բոլորը, հավասար են օրենքի առաջ: Հայաստանում չկան արտոնյալներ և չեն լինելու արտոնյալներ»:

2013 թվականի նոյեմբերին «Ազատությանը» տված հարցազրույցում այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցել էր «Արժեքների հեղափոխության» գործով ձերբակալված Շանթ Հարությունյանի պատմածը: «Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Շանթ Հարությունյանի պատմելով՝ վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել իր ընտանիքի անդամների, մասնավորապես, որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ, նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել», - մասնավորապես ասել էր Փաշինյանը:

Մինչդեռ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երեկ «Ազատությանն» ասել է՝ Հունան Պողոսյանը հինգ տարի առաջ հոր նկատմամբ բռնություն չի գործադրել։ Ըստ նրա՝ նախկին փոխոստիկանապետը ճիշտ է ներկա է եղել այդ միջադեպին, բայց հորը հարվածներ չի հասցրել։

«Հայաստանում օլիգարխիան տապալված է»

Կապանում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխիան տապալված է և հաստատված է ժողովրդի իշխանությունը: «Դա չի նշանակում, թե էն մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են եղել կամ օլիգարխ են կոչվել, նրանք դադարել են գոյություն ունենալուց, քավ լիցի, բայց նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց, որովհետև Հայաստանում չի կարող լինել մարդ, չի կարող լինել անհատ, որ մտածի, թե ինքը ուժեղ է ժողովրդից, որ մտածի, թե իր իշխանությունը ավելի ուժեղ է ժողովրդի իշխանությունից, պետական իշխանությունից», - շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:

XS
SM
MD
LG