Մատչելիության հղումներ

«Սյունիքը Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի»․ Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրից սկսեց իր աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Նա Կապան ժամանեց ուղղաթիռով։ Առաջին կանգառը Սյունիք համայնքում էր․ տեղի դպրոցի բակում Փաշինյանը հանդիպեց համայնքի բնակիչների հետ, ներկայացրեց իր այսօրվա հիմնական ծրագիրը Սյունիքի մարզում, նաև ներկայացրեց նորանշանակ մարզպետ՝ ոստիկանության գեներալ, ՀՀ ոստիկանության նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին։

«Սյունիքը մեր ուշադրության կենտրոնում է, որովհետև Սյունիքը Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի», - իր ելույթում հայտարարեց Փաշինյանը։ - «Ես գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել, բայց այսօր կարևորը հետևյալն է՝ դուք ստացել եք ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, և մենք իրար հետ բացել ենք հնարավորությունը լավ ապագա կերտելու մեր երեխաների համար»։

Հունան Պողոսյան
Հունան Պողոսյան

Ելույթ ունեցավ նաև Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը։

«Հավաստիացնում եմ, որ ձեզ հետ միասին՝ համատեղ ջանքերով, նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա», - իր ելույթում խոստացավ նա։ - «Միայն հավատով լցվեք․ ընդամենը ուզում եմ, որ ինձանից ակնկալեք նորմալ աշխատանք»։

Այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպում է մարզային կառույցների ղեկավարների, համայնքապետերի հետ։

Այսօր աշխատանքային օրվա ավարտին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրահավաք է կազմակերպել Կապան քաղաքում։ Կիրակի օրը Կապանում նույնպես տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ելույթ է ունենալու հանրահավաքում և անդրադարձ է կատարելու ոչ միայն Կապանին, Սյունիքի մարզին առնչվող խնդիրներին, այլ նաև վերջին շրջանում հանրապետությունում տիրող իրավիճակին և քաղաքական այլ հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG