Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Պրահայում կմասնակցի Վիշեհրադյան քառյակի հանդիպմանը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հավաքի շրջանակում թեև նախատեսված չեն, բայց տեսականորեն չեն բացառվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները:

Այսօր Չեխիայի մայրաքաղաք է ժամանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Պրահայում գումարվում է Վիշեհրադյան քառյակի արտգործնախարարների ավանդական հավաքը, որին այս անգամ կմասնակցեն նաև Արևելյան գործընկերության արտգործնախարարները։

Հյուրերին Պրահայի հոյակերտ Չերնինի պալատում, որտեղ գտնվում է Չեխիայի արտգործնախարարությունը, ընդունելու է այդ գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Զաորալեկը։

Չեխիան ներկայում նախագահում է Վիշեհրադյան քառյակում, որի անդամներն են Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը և Հունգարիան։ Նիդերլանդների, Շվեդիայի և Գերմանիայի արտգործնախարարները հավաքին կմասնակցեն հյուրի կարգավիճակով։

Պրահայում կազմակերպվող միջոցառման բարձրաստիճան հյուրերի թվում են Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման բանակցությունների հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը և Եվրամիության արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարիա Շմիդը։

Հավաքի մասնակիցները կքննարկեն Եվրամիության ապագա համագործակցությունն այն երկրների հետ, որոնք չեն ստորագրել Ասոցացման պայմանագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան այն ստորագրել են, Ադրբեջանն ի սկզբանե նման մտադրություն չի ունեցել, իսկ Հայաստանը և Բելառուսն անդամակցել են Եվրասիական տնտեսական միությանը։

Անդրադարձ կլինի Հայաստանում, Ադրբեջանում և Բելառուսում կայունությանը, արդիականացմանը նպաստելու խնդրին։ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչների հետ Չերնինի պալատում կքննարկեն Արևելյան գործընկերության դերը Եվրոպայի հարևանության բարեփոխված քաղաքականության ասպարեզում, կվերլուծեն Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, անդրադարձ կլինի նաև Եվրոպական միություն - Ռուսաստան հարաբերություններին։

Դատելով այն բանից, որ Պրահա չեն ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Էդվարդ Նալբանդյան - Էլմար Մամեդյարով առանձնազրույց չի լինի, թեպետ երկու նախարարները տեսականորեն կարող են ոտքի վրա շփվել և ինչ-որ հարցեր քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG