Մատչելիության հղումներ

Ամո՛թ Գերմանիայի կանցլեր Մերկելին՝ Էրդողանի սպառնալիքներին տեղի տալու համար


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Շատ վատ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է դատի տալ գերմանացի երգիծաբանին իրեն վիրավորելու համար... Սակայն ավելի մեծ խայտառակություն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թույլտվությունը դատական գործընթաց սկսելու՝ 19-րդ դարի օրենքի հիման վրա...

Ըստ այս հնացած օրենքի՝ ամեն ոք, ով վիրավորում է որևէ օտարերկրյա ղեկավարի, կարող է դատական կարգով պատասխանատվության ենթարկվել՝ Գերմանիայի կառավարության համաձայնությունն ստանալուց հետո: Այժմ Էրդողանը համալրեց Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի և Չիլիի առաջնորդ Աուգուստո Պինոչետի բռնատիրական շարքերը, որոնք համանման դատական հայցեր էին ներկայացրել Գերմանիայում:

Մերկելն սկզբում պաշտպանում էր Գերմանիայի քաղաքացու ազատ մամուլի և կարծիք հայտնելու իրավունքը՝ ի տարբերություն Թուրքիայի անմարդկային օրենքների, սակայն անամոթաբար ընկրկեց Էրդողանի առջև, երբ վերջինս սպառնաց Եվրոպան հեղեղել սիրիացի փախստականներով՝ նրանց արտահոսքը կանխելու համար մի քանի միլիարդ դոլար ստանալուց հետո․․․

Թվում է, թե Մերկելը, Օբաման և ուրիշները չեն հասկանում, որ ամբարտավանին զիջումներ անելը հանգեցնելու է ավելի շատ սպառնալիքների: Նրան կանգնեցնելու միակ միջոցը պարզապես «ոչ» ասելն է: Բնականաբար, Էրդողանը հիստերիայի մեջ կընկնի, ինչպես շփացած երեխա, կսպառնա և, հավանաբար, հետ կկանչի իր դեսպանին․․․ Սակայն որոշ ժամանակ անց նա կսովորի, որ չի կարող իր կամքը պարտադրել Թուրքիայի սահմաններից դուրս, և որ մնացյալ աշխարհն ամենևին էլ չի ենթարկվելու իր սուլթանական հրահանգներին․․․

Արդեն մի քանի տասնամյակ է, որ ամերիկյան, բրիտանական և իսրայելական ղեկավարները միևնույն նվաստացուցիչ սխալն են թույլ տալիս՝ խոնարհվելով Էրդողանի և նրա նախորդների սպառնալիքների առջև՝ չարտասանելով «Հայոց ցեղասպանություն» բառերը: Եթե առաջին օրից այդ ղեկավարները պարզապես ոչ ասեին, ապա իրենք իրենց կազատեին տարիներ շարունակ հնչող սպառնալիքներից․․․ Ցավոք, նրանք թույլ են տալիս, որ «պոչը թափահարի շանը»․․․

Այժմ Մերկելը սայթաքել է՝ թուրք ամբարտավանին հանգստացնելու համար: Նա կոպիտ սխալ է արել՝ թույլ տալով գերմանացի երգիծաբանի հետապնդումը՝ Էրդողանի բարեկամությունը շահելու համար․․․ Շուտով Թուրքիայի նախագահը նոր պահանջներ կներկայացնի Գերմանիայի կանցլերին սիրիացի փախստականների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես, օրինակ, հունիսին Բունդեսթագում նախատեսված Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունը, որն արդեն մի քանի անգամ հետաձգվել է թուրքական սպառնալիքների պատճառով:

Մերկելի անխոհեմ և հակաժողովրդավարական քայլը կարող է պառակտել «մեծ կոալիցիոն» կառավարությունը: Գերմանիայի խորհրդարանի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օբերմանը քննադատել է նրա որոշումը՝ կոչ անելով կանցլերին չեղյալ համարել հնացած օրենքը: Օբերմանը զգուշացրել է՝ օտարերկրյա պետությունների ղեկավարները չպետք է օգտվեն հատուկ իրավունքներից Գերմանիայի քաղաքացիներին դատի տալու համար:

Մերկելի կառավարության երկու ազդեցիկ նախարարներ ևս ընդդիմացել են նրա որոշմանը: Արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել են. - «Կարծիք հայտնելու ազատությունը, լրատվամիջոցները և մշակույթը մեր Սահմանադրության ամենամեծ հարստությունն են»:

Բացի այդ, ըստ վերջին հարցախույզի, գերմանական հանրության երկու երրորդը դեմ է երգիծաբանին դատելու Մերկելի որոշմանը: Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում նրա վարկանիշը 56 տոկոսից իջել է 45-ի: Ըստ մեկ այլ հարցման՝ հարցվածների 66 տոկոսը դեմ է երգիծաբանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, և միայն 22 տոկոսն է կողմ դրան: Գերմանական ZDF հեռուստակայանը, որը ցուցադրել է Էրդողանի մասին երգիծաբանի տեսանյութը, լիակատար իրավական աջակցություն է խոստացել նախաքննության ընթացքում:

Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերը նույնպես քննադատել է Էրդողանի անընդունելի անհանդուրժողական արձագանքը: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի՝ Յունկերը խոստացել է փոխզիջման չգնալ եվրոպական արժեքների հարցում՝ Անկարայի միգրացիոն հոսքերը կանգնեցնելու դիմաց: «Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են Գերմանիայի դեսպանին կանչել ենթադրաբար վիրավորական երգիծական երգի համար», - ասել է Յունկերը ապրիլի 13-ին, - «Դա Թուրքիային մեզ ավելի մոտ չի դարձնի, այլ ավելի կհեռացնի մեզ իրարից»:

Ինչպես հայտնում է The New York Times թերթը, Էրդողանը գրեթե 2000 բողոք է ներկայացրել Թուրքիայում իրեն վիրավորելու մեջ մեղադրվող անձանց դեմ: Թուրքիայի նախագահն արդեն մասնավոր հայց է ներկայացրել գերմանական դատարան ընդդեմ երգիծաբանի, որին մեղավոր ճանաչվելու դեպքում սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ անորոշ տուգանք:

Երգիծաբան Յան Բոհմերմանը իր երգիծական բանաստեղծության մեջ ակնարկում է այծերի հետ սեռական հարաբերությունների և փոքրամասնություններին ճնշելու մասին: Նա Էրդողանին անվանել է «սյան պես խուլ, վախկոտ, կատաղած» և «այլասերված, ոջլոտ.... մանկական պոռնոֆիլմեր դիտելիս քրդերին քացով խփող և քրիստոնյաներին հարվածող»:

Անկախ նրանից, թե որքան վիրավորական կարող է լինել բանաստեղծությունը, գրողը պետք է իրավունք ունենա ազատորեն արտահայտելու իր կարծիքը: Մի բան է երրորդ աշխարհի բռնատիրական ղեկավար Էրդողանի համար՝ ճնշել լրատվամիջոցներին, և բոլորովին այլ՝ արևմտաեվրոպական ժողովրդավարական խոշոր երկրի ղեկավարի համար՝ լինել մերձավորարևելյան ֆաշիստական պետության սուլթանի կողմնակիցը: Այս առումով, Մերկելի արարքը շատ ավելի դատապարտելի է, քան Էրդողանինը․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG