Մատչելիության հղումներ

Փաստաբան. «Զենքն ուղղված չի եղել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ»


Փաստաբան Լևոն Բաղդասարյան
Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, գրոհի ժամանակ տանը զենք եղել է, բայց դիմադրություն չի ցուցաբերվել։

Նոյեմբերի 25-ին ձերբակալված, ապա կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ՝ դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ գրոհի ժամանակ որևէ դիմադրություն չի եղել:

«Գրոհի ժամանակ, այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է։ Բայց միևնույն ժամանակ նաև պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, որը, կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել, ապա կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրաապետության քաղաքացու դեմ», - փաստարկեց Բաղդասարյանը։

Հարցին, թե գուցե դիմադրություն ցույց չտալու պատճառն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց հանկարծակիի՞ են բերել, փաստաբանը պատասխանեց․ - «Գիտեք, կարելի է ցանկացած քննչական փորձառություն կատարել և տեսնել՝ ցանկացած անակնկալ գրոհի ժամանակ որքան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ զենքը գործադրվեր։ Ավելին՝ նկարահանման ժամանակ, որը սփռվեց մամուլում և հեռուստատեսությամբ, այնտեղ ցույց էին տալիս, որ պահունակի մեջ նաև եղել են համապատասխան փամփուշտներ, այսինքն` եթե պատրաստի վիճակում է դա եղել, ցանկացած քննչական փորձառություն կտա դրա պատասխանը, թե քանի վայրկյան էր անհրաժեշտ գոնե մեկ կրակոց արձակելու համար։ Բացարձակ: Մեկ կրակոց անգամ չի արձակվել: Կարծում եմ, իմ ներքին համոզմունքն է նաև, որ չէր կարող ուղղված լինել դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ»։

Նշենք, որ 34-ամյա Վարդանյանը, ով, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պնդմամբ, ղեկավարել է բացահայտված հանցավոր խումբը, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու և ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից:

Ազգային անվտանգության ծառայության տվյալներով, երիտասարդը, վերադառնալով Իսպանիայից, այս տարվա ապրիլին սկսել է հանցավոր խումբ ձևավորել՝ հավաքագրելով հիմնականում չաշխատող քաղաքացիների:

ԱԱԾ պնդմամբ, խումբը ծրագրել էր Հայաստանում նախադեպը չունեցող հանցագործությունների շարք, այդ թվում՝ պետական գործիչների սպանություններ:

Դիտարկմանը, թե առանձնատանը հայտնաբերված զենքն ու զինամթերքը վկայում են, որ խումբը ինչ-ինչ գործողություններ, այնուամենայնիվ, ծրագրում էր, փաստաբանն արձագանքեց․ - «Եկեք չշտապենք: Ընթանում է նախաքննություն: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանը նախաքննությունը կտա»:

Փաստաբանը նաև փոխանցեց, որ իր պաշտպանյալն արդեն ցուցմունք է տվել և ամբողջությամբ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:

Ի դեպ, անցած շաբաթ կալանավորված 21 անձանց թվում է նաև Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ում շահերը նույնպես պաշտպանելու է Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ 70-ամյա հոգևորականին մեղսագրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, մասնակցելը, ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Թոթոնջյանը, Բաղդասարյանի փոխանցմամբ, նույնպես չի ընդունում ներկայացված մեղադրանքը․ - «Բնականաբար այդ տարիքում բացարձակ առողջության մասին խոսք լինել չի կարող: Ունի որոշակի խնդիրներ առողջության հետ կապված: Հետագայում դրա հետ կապված կարվի համապատասխան միջնորդություն»:

Հայր Անտոնը հաղորդումներ էր վարում «Ռադիո Մարիամ» ռադիոկայանում, որը գործում է 64 երկրներում և հովանավորվում է Հռոմի Պապի կողմից: Հենց այս ռադիոկայանին էր ամիսներ առաջ խմբի ենթադրյալ ղեկավար Արթուր Վարդանյանը հարցազրույցներ տվել՝ պատմելով Քեսաբի ազատագրման մասին։

Ռադիոկայանի աշխատողներից կալանավորված է նաև 30-ամյա լրագրող Լիլիթ Թորոսյանը: Նա մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում ներկայացված մեղադրանքը:

Լիլիթ Թորոսյանից բացի, կալանավորվածներից ևս 4-ը երիտասարդ կանայք են: 21-ամյա Նելլի Մինասյանի, հարազատ քույրեր՝ 25-ամյա Ասյա Մկրտչյանի և 34-ամյա Մարինե Կացանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նելլին, Ասյան և Մարինեն, փաստաբանի փոխանցմամբ, նույնպես չեն ընդունում ներկայացված մեղադրանքը: Մինչդեռ նույն մեղադրանքնով կալանավորված 29-ամյա Սրբուհի Այվազյանի փաստաբան Սամվել Ջաղինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը:

Կալանավորվածների մեջ է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը: Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակել, թե ինչ է մեղսագրվում Հայրապետյանին ու մնացած կալանավորվածներին:

Առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել անգամ կալանավորվածների անուն-ազգանունները:

XS
SM
MD
LG