Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ԻՊ-ին աջակցելու մեջ


Ռեջեփ Թայիբ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Թայիբ Էրդողան, արխիվ

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, կտրականապես հերքում է այդ մեղադրանքները՝ դրանց հեղինակներին համարելով «մութ ուժեր»:

CNN Turk հեռուստաընկերության լրատվական ծառայության գլխավոր խմբագիր Ֆարհատ Բորատավի կարծիքով, Ռուսաստանն աստիճանաբար իր իրական դեմքն է ցույց տալիս Թուրքիային։ Լրագրողը նշում է, որ թեև իր երկիրը էներգետիկ առումով մեծ կախվածություն ունի Ռուսաստանից ու փորձում է համատեղ գոյակցության պայմաններ ստեղծել, սակայն, երկկողմ հարաբերություններն աստիճանաբար վատանում են։

«Ռուսաստանն ուզում է լինել իշխող այս տարածաշրջանում և չի մտահոգվում այն մասին, թե ինչ են մտածում կամ ուզում մյուսները։ Նրա ներգրավվածությունը սիրիական կոնֆլիկտում այն դարձրեց ավելի խճճված։ Հաստատ է, որ սա երկար կտևի և մինչև վերջնական լուծում ստանալը վիճակն ավելի կվատանա»,- հայ լրագրողների հետ զրույցում ասաց Ֆարհատ Բորատավը։

«Ջումհուրիեթ» թերթի երկարամյա լրագրող Այդին Էնգինի խոսքով, եթե մեկ տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամներ էին, նույնը չի կարելի ասել հիմա։ Մյուս կողմից, ըստ նրա, չի բացառվում, որ առաջիկայում հարաբերությունները կրկին ջերմանան, եթե դա պահանջի ազգային շահը։

«Եթե ազգային շահից դրդված, այսօր շատ լավ ենք, վաղը կարող ենք վատ հարաբերություններ ունենալ։ Այս ալիքի մեջ Թուրքիան ու Ռուսաստանը հիմա իրար «կծելու» քաղաքականություն են վարում, բայց չեմ զարմանա, եթե վաղը համբուրեն իրար։ Մեկ տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կամ Էրդողանի ու Պուտինի հարաբերությունները մեղրամիսի մեջ էին, իսկ հիմա այդպես չէ: Եվ նույն ձևով՝ նախկինում ընտանիքի բարեկամ համարվող Ասադի հետ հարաբերությունները վերածվեցին թշնամականի»,- ասում է Այդին Էնգինը։

Սիրիայից Թուրքիա և Թուրքիայից Սիրիա մեկնող ահաբեկիչների մասին թուրքական մամուլում հաճախ են տեղեկություններ հայտնվում։ «Ջումհուրիեթ» թերթը առաջիններից էր, որ հոդվածներ հրապարակեց Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մասին։ Թերթի երկարամյա լրագրողը պատմում է, որ իրենց հավաքած փաստերի ու ապացույցների հրապարակումից հետո սպառնալիքներ են ստացել անձամբ նախագահ էրդողանից։ Շաբաթներ անց հոդվածը հեղինակած լրագորղն ու թերթի խմբագիրը հայտնվել են ճաղերի ետևում:

«Նյութերի հրապարակումից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և հենց ինքը՝ Էրդողանը ասացին, որ «Ջումհուրիեթ»-ը սրա պատասխանը պիտի տա, և Ջան Դունդարը, ով թերթի ղեկավարն է, սրա պատասխանը պիտի տա»,-շարունակում է «Ջումհուրիեթ» թերթի լրագրողը։

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզին Թանրիկուլուի խոսքով, ինքը մի քանի անգամ բարձրացրել է «Իսլամական պետություն» խմբավորման հարցը խորհրդարանում, հարյուրավոր նամակներ է ուղղել կառավարությանը, սակայն, դրանք անպատասխան են մնացել։ Թուրք գործիչը համոզված է՝ իշխանական կուսակցությունն իր հաշվարկներն արդեն արել է։

«Մեր կառավարությունն ավելի շատ կենտրոնացել է Ասադի ռեժիմի և այն տապալելու վրա։ Թուրքիան տարածք է, որտեղով ջիհադիստներն ու ահաբեկիչները գնում են Սիրիա, և կառավարությունը նրանց չի կանգնեցնում: Հակառակը՝ նպաստում է նրանց գործողություններին։ Վերջին վիճակագրության համաձայն, որն արձանագրվել է Թուրքիայում, հարցվածների 8 տոկոսը ԻՊ-ի մասին դրական կարծիք ունի։ Մեկ այլ ուսումնասիրության համաձայն, որն անցկացվել է միջազգային կազմակերպության կողմից, Սիրիայում պատերազմող ահաբեկիչների 1/3-ը կամ 1/4-րդը թուրքեր են։ Երբ մենք նայում ենք սրան, պարզ է դառնում, որ թուրքական կառավարության և «Իսլամական պետության» հայացքները շատ տարբեր չեն»,- ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, կտրականապես հերքում է «Իսլամական պետության» հետ համագործակցելու մասին՝ ընդդիմության մեղադրանքները։ «Մութ ուժերը ապատեղեկատվություն են տարածում Թուրքիայի մասին, որոնք անհիմն են և չարդարացված»,- ամիսներ առաջ հայտարարել էր նախագահ էրդողանը։ Ավելին, պաշտոնական Անկարան այժմ Կրեմլին առաջարկում է մի կողմ դնել վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունները և պայքարել «Իսլամական պետության» դեմ։

«Եթե Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունենան, հաղթողը կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ժամանակն է դիմակայել ԻՊ-ին։ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի, Թուրքիայի և մյուսների միասնական գործողությունները կարող են և պետք է փոխեն իրավիճակը»,- նախորդ շաբաթ թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG