Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ ՄԻԵԴ-ը իր պահանջները բավարարել է


Դողու Փերինչեքը ՄԻԵԴ-ում, 15-ը հոկտեմբերի, 2015թ.
Դողու Փերինչեքը ՄԻԵԴ-ում, 15-ը հոկտեմբերի, 2015թ.

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղթող ճանաչեց Դողու Փերինչեքին, Հայաստանի կառավարությունը պնդում է, որ իր պահանջները ևս ամբողջությամբ բավարարվել են:

Ստրասբուրգյան դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարության համաձայն՝ Հայաստանի կառավարությունն ակնկալում էր, որ Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումները, որոնք կարող էին կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը:

Ըստ հայկական կողմի՝ բարձր դատարանը շեշտել է, որ իր խնդիրը չէ որևէ իրավական հայտարարություն անել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Բացի այդ հայկական կողմը դրական է համարում, որ Ստրասբուրգի դատարանը իրավաչափ է համարել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվությունը, պարզապես նշել է, որ դա պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ևս պարտություն չի համարում այսօրվա որոշումը՝ նկատելով՝ դրան դեմ են քվեարկել 17 դատավորներից 7-ը.- «Եթե պիտի մեկ բառով որակենք, ես կասեի այն, ինչ այդ յոթ դեմ դատավորները որակել են՝ սա երկչոտ որոշում էր»։

Մանոյանն ասում է՝ կարող էր ավելի վատ որոշում լինել.- «Կարող էր ավելի վատ լինել, եթե հանկարծ հաստատեր առաջին վճիռը, առաջին որոշումը, ասեր, որ ընդհանրապես սա ժխտելը խնդիր չէ, որովհետև փաստը հաստատված չէ։ Բայց կան նաև դրական կետեր Հայոց ցեղասպանության վիճարկելի լինելու մասին բոլոր հատվածները հանված են, և երկրորդ՝ այնպես չէ, որ սա բացարձակ որոշում է, որ կարելի է Հայոց ցեղասպանությունը ժխտել և անպատիժ մնալ»։

Հայ ազգային կոնգրեսը մինչդեռ մտահոգիչ է համարում այսօրվա որոշումը.- «Խորը ափսոսանքով մենք ծանոթացանք այն լուրի հետ, որ ՄԻԵԴ-ը առաջնային համարեց խոսքի ազատությունը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության մերժելու քրեական օրենսգրքով սահմանված հոդված է։ Այդ առումով մտահոգիչ փաստ տեղի ունեցավ, որը կրկնում է երկու տարի առաջ կայացված վճիռը։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, սա կունենա որոշակի ազդեցություն այլ երկրներում, որոնք ընդունել են նման օրենսդրական ակտեր։ Թուրքիան լրացուցիչ »,- ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը։

«Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը վճիռը դրական չի համարում Հայաստանի համար. կարծում է՝ բարձր դատարանի վճռի վրա ազդել է նաև Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը։

«Քաղաքակրթական որոշակի ընտրություն կատարեցինք և արդարություն կամ մեր նկատմամբ դրական վերաբերմունք պահանջում ենք մի քաղաքակրթական մոդելից, բայց տրվում ենք բոլորովին այլ քաղաքակրթական մոդելի։ Ուստի այդ ամենը, կարծում եմ, ազդեցություն ունեցել է, որովհետև միայն արդարադատության խնդիր չէ, հստակ է, որ քաղաքական մոտեցում էլ գոյություն ունի»,- ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը կարծում է՝ որոշումը նախադեպային բացասական ազդեցություն կունենա։

XS
SM
MD
LG