Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելուն


Ազգային ժողովի նիստը, 5-ը հոկտեմբերի, 2015թ․
Ազգային ժողովի նիստը, 5-ը հոկտեմբերի, 2015թ․

Իրենց ելույթի հնարավորություն ընձեռելու՝ ընդդիմադիր պատգամավորների կոչերը Գալուստ Սահակյանն անտեսեց։

Երկուշաբթի օրը Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների՝ Հայաստանի նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծը հանրաքվեի դնելուն։

Վարման կարգի շուրջ ելույթ ունենալու ընդդիմադիր պատգամավորների կոչերը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անտեսեց՝ աղմուկի ներքո ամբիոնի մոտ հրավիրելով հաջորդ հարցը ներկայացնողին:

Այնուամենայնիվ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ՝ դեռ օրակարգի ներկայացման ժամանակ, հասցրեց կարճ խոսել սահմանադրական փոփոխությունների վտանգների մասին: Փոստանջյանը, սակայն, չավարտեց ելույթը, նրա խոսափողը անջատեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ ընդդիմադիր պատգամավորը հիշեց նախագահ Սերժ Սարգսյանին անցած տարի տրված «վերջին բոլշևիկ» բնորոշումը:

«Այդ բոլշևիկն այն անձն է, որը 2008 թվականի կեղծված ընտրություններից հետո համամիտ էր, որպեսզի մեր ժողովրդի նկատմամբ նորից կիրառեին ուժ, և, փաստորեն, բռնի ուժով, կրակելով ժողովրդի վրա՝ տապալեին նորից ժողովրդին և քվեն ժողովրդի նորից գողանային», - հայտարարեց Փոստանջյանը։

Շարմազանովը հրամայեց անջատել պատգամավորի խոսափողը՝ հորդորելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին «խոսել ըստ էության»։ «Անջատե՛ք խոսափողը, շուկա չի, Ազգայիհ ժողով է», - ասաց խորհրդարանի փոխխոսնակը։

Մինչ քվեարկությունը, սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը և դրանում տեղ գտած փոփոխությունները ներկայացրեց Հայաստանի նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ հայտարարելով, թե քննարկել են ստացված հարյուրավոր առաջարկները, իսկ վերջնական տարբերակում ընդգրկել են նրանք, որ նախագահ Սերժ Սարգսյանի համար ընդունելի են եղել:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն, ով ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ելույթ ունենալ Սահմանադրության նախագծի քվեարկության օրը Ազգային ժողովում, այսօր խորհրդարանում ներկա չէր հանգամանքների բերումով՝ ինչպես բացատրեց Շարմազանովը, ով և ընթերցեց Բուքիքիոյի ուղերձը:

Ուղերձում Վենետիկի հանձնաժողովի նախագահը շեշտում էր՝ Սահմանադրությունը փոխելու կարևորագույն որոշումը ժողովրդինն է:

XS
SM
MD
LG