Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացիները կկարողանան իրենց ներքին անձնագրերով մտնել Հայաստան


Պաշտոնական Երևանը պնդում է՝ այս քայլին գնում է զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կառավարությանը պայմանավորվել պաշտոնական Մոսկվայի հետ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները կարողանան իրենց ներքին անձնագրերով մտնել Հայաստան:

Արտերկիր այցելելու համար Ռուսաստանի քաղաքացուն անհրաժեշտ է արտասահմանյան անձնագիր, ինչպես խորհրդային ժամանակներում: Այդ կարգը, սակայն, չի գործում Բելառուսի դեպքում, որի հետ 2000 թվականին Ռուսաստանը ձևավորեց դաշնային պետություն: Ռուս-բելառուսական սահմանը հատելու համար ռուսաստանցուն լիովին բավարար է ներքին անձնագիրը, նույնն է փաստորեն առաջարկվում Հայաստանի դեպքում:

Պաշտոնական Երևանը պնդում է՝ այս քայլին գնում է զբոսաշրջությունը զարգացնելու համար: «Հանձնարարում եմ, որ լուրջ զբաղվեք և բանակցեք»,- կառավարության երեկվա նիստում դիմելով Միգրացիոն պետական ծառայության ղեկավարին՝ ասաց վարչապետը:

«Մենք աշխատենք իրենց հետ, փորձենք գալ մի ընդհանուր հայտարարի, որ իրենք իրենց տեղական անձնագրով կարողանան այցելել ՀՀ՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր։ Դա կնպաստի տուրիզմին»,- հավելեց Աբրահամյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախաձեռնության իրական նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև պետական սահմանի փաստացի վերացումն է:

«Չեմ կարծում, թե արտերկիր մեկնող ռուսաստանցու համար երբևէ խնդիր է եղել արտասահմանյան անձնագիր ձեռք բերելը: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է սա արվում»,- ասաց Սաֆարյանը:

«Կրեմլի համար այս նորանկախ պետությունները գլխացավանք են որակվում, նրանց անկախությունը և ինքնիշխանությունը ուղղակի խոչընդոտ է համարվում Ռուսաստանի քաղաքականության անարգել տարածման և սփռման համար, հետևաբար արվում է ամեն ինչ՝ պետականության բոլոր ատրիբուտները նսեմացնելու և ձևական դարձնելու առումով»,- ասաց վերլուծաբանը։

Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ բազմաթիվ հարցեր անորոշ են, դեռ պետք է բանակցել ռուսաստանյան կողմի հետ՝ հասկանալու՝ արդյոք Ռուսաստանի օրենսդրությունը թույլ տալիս է իր քաղաքացիներին ներքին անձնագրերով հատել պետական սահմանը:

Հստակ չէ նաև՝ արդյոք համաձայնությունը ձեռք բերելուց հետո Հայաստան այցելող ռուսաստանցիների ներքին անձնագրերում կնիք կդրվի՞, թե՞՝ ոչ, երբ նրանք հատեն պետական սահմանը:

«Բելառուսի պարագայում կնիքը չի դրվում, քանի որ Բելառուս-Ռուսաստան այլ ռեժիմ է գործում, միութենական հանրապետություն է այնտեղ ձևավորված ընդհանուր արտաքին սահմաններով։ Մեր պարագայում ամենայն հավանականությամբ այդպես չի կարող լինել, մենք ունենք միջազգայնորեն ընդունված մեր սահմանները և չունենք միութենական հանրապետության կարգավիճակի մասին համաձայնագիր»,- ասաց Եգանյանը։

Մինչ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ԵՏՄ դաշնակից Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան անարգել դարձնելու համար, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ամիսներով պատասխանի են սպասում Մոսկվայից՝ հասկանալու՝ ինչո՞ւ է այդ երկրի իշխանությունը նրանց արգելում մուտք գործել Ռուսաստան:

«Եթե խախտում անեի, կասեի, որ ես եմ մեղավոր, բայց ես երբեք շտռաֆի տակ չեմ եղել Մոսկվայում, գլուխս կախ աշխատել եմ»,- ասում էր քաղաքացիներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG