Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը քննադատում է երկրորդ փուլով պարտադիր մեծամասնության ստանալու դրույթը


Վենետիկի հանձնաժողովը քննադատում է երկրորդ փուլով պարտադիր մեծամասնության ստանալու դրույթը
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական կարծիքը սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխների վերաբերյալ:

Եզրակացության մեջ հեղինակավոր հանձնաժողովը ողջունում է այն աշխատանքը, որ կատարել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, այնուամենայնիվ որոշ առաջարկներ է ներկայացնում՝ Սահմանադրության նախագծի հետագա բարելավման նպատակով: Առաջարկների թվում է վերացնել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջև: Դատական համակարգում հանձնաժողովն անթույլատրելի է համարում դատավորների և վճռաբեկ դատարանի նախագահների նշանակման և աշխատանքից հեռացման հարցում քաղաքական մարմնի միջամտությունը:

Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է Հայաստանի իշխանություններին՝ շարունակել քննարկումները բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ՝ պարզաբանելու համար թյուրըմբռնումները և բարեփոխումների օգտին հնարավորինս լայն աջակցություն ապահովելու համար:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը «պետական հեղաշրջման ծրագիր և իշխանությունների վերարտադրման փորձ» անվանող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասում է՝ լայն կոնսոլիդացիան, որը կարևորում է Վենետիկի հանձնաժողովը, գոյություն չունի։

«Եթե իշխանությունները լսեն՝ ինչ է ասում հանձնաժողովը, ապա հանրաքվեն չպետք է անցկացվի, որովհետև էնտեղ սևը սպիտակի վրա հստակ նշված է, որ կառավարման համակարգի փոփոխության համար անհրաժեշտ է լայն քաղաքական և սոցիալական կոնսոլիդացիա։ Մենք տեսնում ենք, որ բացի մեկ կուսակցությունից, այլ կուսակցություն չի հայտնել իր համաձայնությունը այս տարբերակի հետ»,- ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությանը, թե «ընտրական համակարգը չպետք է մանրամասնորեն ներկայացված լինի Սահմանադրության մեջ, ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների կամ դաշինքների միջև երկրորդ փուլի անցկացման հնարավորությունն էլ պետք է վերացվի», Վլադիմիր Կարապետյանն ասաց՝ իշխանությունները փորձում են խորամանկության գնալ: Հրապարակելով ոչ միայն ընդդիմադիրների, այլև մասնագետների համար մերժելի դրույթներով նախագիծը, իշխանություններն այժմ կարող են սակարկության գնալ՝ սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակում հանել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին ձևակերպումները՝ դրանք հետագայում տեղավորելով Ընտրական օրենսգրքում:

«Եվ դա ներկայացնենք որպես փոխհամաձայնության նշան՝ ստանալու համար մի շարք կուսակցությունների աջակցությունը, միևնույն ժամանակ հավաստիացնել հանրապետական թիմի անդամներին, որ «Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ մենք այդ ամբողջը կնախատեսենք»»,- նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանին հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ թե՛ մասնագիտական հանձնաժողովը, թե՛ ընդդիմությունը համակարծիք են, և քննադատությունն ու առաջարկները Սահմանադրության նախագծի գրեթե նույն կետերին են վերաբերում:

«Եթե այդ մի հարցում համընկնում են նրանց տեսակետները, նորմալ է, դա նշանակում է՝ այդ հարցը պետք է շատ ավելի լուրջ քննարկել։ Նախ ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության քննարկումը դեռևս չի եղել, այդ առումով որևէ մեկը, այդ թվում և ես, չի կարող ներկայացնել իշխանության տեսակետը։ Ճիշտ կլինի, որ սկզբից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը դա քննարկի, իր տեսակետը արտահայտի, և իհարկե, այդ քննարկումը կլինի նաև մեզ մոտ»,- ասաց Նիկոյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռ աշխատում է եզրակացության վրա, մեկնաբանել առաջարկները կամ ասել, թե որոնք են ընդունելու, որոնք՝ ոչ, դեռ չեն կարող, «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Ղազինյանն ասում է՝ վաղն էլ են քննարկումները շարունակելու, գրավոր պատասխան պետք է ուղարկեն Վենետիկի հանձնաժողովին, բացի այդ՝ չպարզաբանված հարցերը քննարկելու հնարավորություն կունենան նաև օգոստոսի կեսերին նախատեսված հանդիպման ընթացքում:

Ի դեպ, հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության շուրջ քննարկումների պատճառաբանությամբ այսօր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հետաձգեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ հանդիպումը վերջինիս ներկայացրած առաջարկների կապակցությամբ:

XS
SM
MD
LG