Մատչելիության հղումներ

Թուրք - քրդական բախումները սաստկանում են


Թուրք - քրդական բախումները սաստկանում են
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Ներքաղաքական և ազգամիջյան հակասությունները Թուրքիայում հատկապես սրվեցին հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անսպասելի հաջողությունից հետո:

Անցած գիշեր Թուրքիայի Ադանա նահանգում 8 քուրդ զինյալներ հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի շենքի վրա և սպանել երկու թուրք ոստիկանի: Նախօրեին էլ Սիրիայի հետ սահմանակից Շըրնաքի շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել թուրք զինծառայողների վրա: Ծավալված փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք թուրք զինծառայող և մեկ քուրդ զինյալ:

Թուրք զինվորականների սպանություններին նախորդել էին հուլիսի 27-ին Բայազետի շրջանում թուրք - իրանական գազատարի պայթյունը և հուլիսի 29-ին Շըրնաքի հատվածում Քիրքուք - Յումուրթալըք նավթամուղի պայթյունը:

Թուրք - քրդական բախումները և ներքաղաքական հակասությունները հատկապես սրվեցին հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անսպասելի հաջողությունից հետո, ինչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա հենարանը հանդիսացող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերի թուլացման պատճառներից մեկը դարձավ: Ի չիք դարձան միանձնյա իշխանություն կազմելու՝ ԱԶԿ-ի ձգտումները:

Իրավիճակն ավելի սրվեց հունիսի 20-ին, երբ Սիրիայի հետ սահմանին մոտ գտնվող Սուրուչի ավանում տեղի ունեցած ահաբեկչությունը 32 մարդու, հիմնականում քրդերի կյանք խլեց: Դրան հետևեց Քրդստանի բանվորական կուսակցության պատասխան գրոհների շարքը: Անցած օրերին թուրքական կործանիչները պարբերաբար ռմբակոծում էին Քրդստանի բանվորական կուսակցության՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ռազմական ճամբարները, իսկ քուրդ զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողություններով փորձում են հակահարված տալ:

Երեկ արդեն նախագահ Էրդողանը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին մեղադրեց ՔԲԿ-ի զինյալներն հրահրելու և աջակցելու մեջ: Նա ասաց, թե Դեմիրթաշը առաջին իսկ հնարավորության դեպքում սար կբարձրանա և կմիանա քուրդ զինյալներին:

Ի պատասխան, Դեմիրթաշը հայտարարեց, որ իրենց նպատակը քաղաքական դաշտում մնալն ու պայքարը շարունակելն է:

Այս ամենի արդյունքում ակտիվացած թուրք - քրդական բախումները սպառնում են խափանել 2013 թվականին սկսված քրդական հարցի լուծման գործընթացը:

Բախումներին արձագանքել է նաև Միացյալ Նահանգները: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մարկ Թոները հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ՔԲԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Թուրքիայի գործողությունները նրանց դեմ որակում է որպես ինքնապաշտպանություն:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինը հավանություն չի տալիս Թուրքիայի կատարած քայլերին: Թուրքական «Ռադիկալ» պարբերականի հաղորդմամբ, ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադին, մեկնաբանելով Թուրքիայի օդուժի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Հյուսիսային Իրաքում Քրդստանի բանվորական կուսակցության հենակետերի ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողություննները, նշել է, որ Թուրքիան ռազմավարական սխալ է թույլ տալիս:

Մինչդեռ Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել սկսած գործողությունները: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլիյեթ»-ը, երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, թե գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ զինված խմբերը չեն լքել Թուրքիան, իսկ «Իսլամական պետություն»-ը չի դադարել վտանգ ներկայացնել Թուրքիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG