Մատչելիության հղումներ

Շարմազանովը հոսանքի թանկացման հարցով փակ լսումների կողմնակից է


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Դա, ըստ Ազգային ժողովի փոխնախագահի, թույլ կտա քննարկումները «շոուի չվերածել» և հարցին իրական լուծում տալ:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով հունիսի 12-ի խորհրդարանական լսումները փակ կամ բաց անցկացնելու հարցը դեռ չի որոշվել:

Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ թեև հարցը դեռ քննարկվում է, բայց փորձը ցույց է տալիս, որ նման քննարկումները շոուի չվերածելու և հարցին իրական լուծում տալու համար լսումները պետք է փակ անցկացնել:

«Իմ կարծիքը նաև պայմանավորված է պրակտիկայով․ եթե հիշում եք՝ 2014 թվականի տարեվերջին դոլար-դրամ տատանումների շրջանում երբ որ ևս առաջարկ եղավ ընդդիմադիր մեր գործընկերների կողմից՝ հրավիրել քննարկումներ, ես առաջարկեցի քննարկումն իրականացնել փակ ռեժիմով, մենք վեցուկես ժամ աշխատեցինք և շատ արդյունավետ աշխատեցինք», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Եվ ես կարծում եմ, որ առանց տեսախցիկների աշխատելը շատ ավելի արդյունավետ է: Դրանից հետո միգուցե արդեն կարող են ցանկացած քաղաքական գործիչներ իրենց կարծիքը արտահայտել»:

Շարմազանովի խոսքով՝ Հանրապետականին անհարկի և անգամ օբյեկտիվ թանկացումները ձեռնտու չեն: Նա ասաց, որ գրեթե համոզված է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով չի բարձրացնի: Անգամ փոքր ուսումնասիրությունից հետո, ըստ մասնագետների, 17 դրամը շատ բարձր է, հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

«Այդ լսումների ընթացքում հնարավոր կլինի, որպեսզի մեր հանրության լայն զանգվածները տեղեկանան մանրամասն, թե եթե պետք է թանկանա 1 դրամ կամ 7 դրամ կամ 10 դրամ՝ ինչի համար պետք է թանկանա, եթե չպիտի թանկանա՝ ինչի համար չպիտի․․․ Այսինքն՝ ամեն ինչ պետք է լինի հիմնավորված», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

«Իմ տպավորությամբ, պատգամավորների մեծամասնության կարծիքով և նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքերով, կարծիքով՝ 17 դրամը այն ճշմարիտ կամ օբյեկտիվ առաջարկը չէ, որը արվել է», - հայտարարեց նա:

Լսումներից հետո, ըստ Շարմազանովի, խորհրդարանը կհրապարակի սակագնի բարձրացման մասին իր կարծիքը: Թե այն ինչ ազդեցություն կունենա, ըստ Ազգային ժողովի փոխնախագահի, քննարկումներից հետո կերևա:

Հարցին, թե փակ լինելու դեպքում ինչպես է հասարակությունը տեղեկանալու մանրամասներին, Շարմազանովը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքը մեջբերեց․ - «Փակ լինելը՝ դա, ինչպես հարգելի Գալուստ Գրիգորիչն էր ասում, թաքունը չէ, փակը նշանակում է, որ ավելի արդյունավետ կանենք քննարկումները և այդ քննարկումներից հետո յուրաքանչյուրս ձեր տեսախցիկների առջև կտեղեկացնենք մեր հանրությանը, թե ինչ է քննարկվել և ինչ է որոշվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG