Մատչելիության հղումներ

Վարչապետի միլիոնատեր որդին հավակնում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնին


17 տարվա ընդմիջումից հետո Արտաշատի քաղաքապետի պաշտոնին կրկին հավակնում է Աբրահամյանների ընտանիքը։

17 տարվա ընդմիջումից հետո Արտաշատի քաղաքապետի պաշտոնին կրկին հավակնում է Աբրահամյանների ընտանիքը։

Այս անգամ Արտաշատում ընտրապայքարի է դուրս եկել 29-ը դեռ չբոլորած Արգամ Աբրահամյանը՝ վարչապետի որդին։ Քաղաքի 14 տարվա քաղաքապետ, տեղում Հանրապետական կուսակցության կառույցի ղեկավար Գագիկ Մուրադյանն այս անգամ չի առաջադրվել, ասում է՝ այլ աշխատանքի է անցնելու, որպես Արտաշատում Հանրապետականի պատասխանատու՝ կսատարի կուսակցության թեկնածուին։

Քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում գրանցված է որպես «Իմպերիում գրուպ» ընկերության տնօրեն։ Թեկնածուն իր ունեցվածքը կհայտարարագրի առաջիկա օրերին, մինչ այդ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Արգամ Աբրահամյանը «բավականին լուրջ կարողություններ ունի»: Սահակյանը չի մանրամասնել, թե հատկապես ինչ «կարողությունների» մասին է խոսքը, բայց «Հետքի» հարցումներին ի պատասխան՝ Պետռեգիստրից հայտնել են, որ վարչապետի 29-ամյա որդին «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ընկերության 100 տոկոս բաժնետերն է, և որ ընկերության կապիտալը կազմում է մոտ 700 հազար դոլար։

Արտաշատցիները միլիոնների մասին չէին լսել, բայց շատերն էին ցույց տալիս քաղաքապետարանի դիմաց գործող «Արտաշատ» առևտրի կենտրոնը, որ բոլորին հայտնի է որպես Արգամ Աբրահամյանի սեփականություն։

Միլիոնատեր թեկնածուի հետ այսօր այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել։ Նրա օգնականն ասաց, որ մինչև քարոզարշավի մեկնարկն ասելիք չունեն։

Վարչապետի որդին 2 մրցակից ունի, ընդ որում մեկը՝ Հովհաննես Ղազարյանը, հայտնի է Աբրահամյանների հետ իր ունեցած վիճաբանությամբ։ Տարիներ առաջ գործն անգամ փոխհրաձգության էր հասել։

Վարչապետի որդու հետ պայքարի դուրս եկած, ինքնաառաջադրված Հովհաննես Ղազարյանն այսօր հեռախոսով «Ազատությանն» ասաց, թե ընտանիքների միջև հակասությունը «վաղուց» հարթվել է։

«Թյուրիմացություն էր՝ անցել է», - ասաց թեկնածուն, սակայն պնդեց, որ ընտրապայքարի մեջ կմնա մինչև վերջ։

Ընտրական հանձնաժողովում գրանցվելիս Հովհաննես Ղազարյանը նշել է, որ չի աշխատում։

Երրորդ թեկնածուն «Շահումյան Ալկո» ընկերության տնօրեն Գարեգին Համբարձումյանն է։ Նա էլ հրաժարվեց մեզ հետ հանդիպումից, միայն ասաց, որ դեռ մտածում է՝ մնա՞լ պայքարի մեջ, թե՞ ոչ։

Արտաշատի ընտրողները թեկնածուների մասին շատ բան չգիտեին։ Արգամ Աբրահամյանը պարզապես հայտնի էր որպես վարչապետի որդի։ Փոխարենը շատերն էին վստահ՝ քաղաքում արդար ընտրություններ դժվար թե անցկացվեն, շատ ավելի քիչ է հավանականությունը, որ դրանք իրենց կյանքում ինչ-որ բան բարելավեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG