Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարում է, թե սպառնացել են իր անդամին


«Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարում է, թե սպառնացել են իր անդամին
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

ՀԽ-ն պնդում է, որ եթե իր որևէ անդամի հետ ինչ-որ բան կատարվի, ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ոստիկանության վրա։

Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակցին սպառնալու հետ կապված ոստիկանությունը ստուգումներ է սկսել։ Այսօր առավոտյան կառույցը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ իրենց գյումրեցի աջակից Յուրա Աթոյանին սպառնացել են, թե այս գիշեր նրանից հաշիվ են պահանջելու։ Ազատամարտիկ Աթոյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներից է, Հրաչիկ Միրզոյանի դանակահարությունից հետո նրա հետ հիվանդանոցում է եղել և տեղի ունեցածի մասին ցուցմունք է տվել ոստիկանությանը։

«Ազատության» հետ զրույցում Աթոյանը պատմեց, որ իրեն այսօր սպառնացել է դանակահարության մեջ կասկածվող Կամո Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, ով ասել է, թե Աթոյանն իր որդու դեմ ցուցմունք է տվել և իրավապահներին նրա դեմ տրամադրել։

«Նայի , զգույշ եղի, գլուխդ վարի կեթրա, վարի ենք տալու, դու Լեննական իրավունք չունիս մնալու: Իրիկունը կգանք ձեր մայլա, մի հատ քեզ կտենինք», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Աթոյանը:

Յուրա Աթոյանը պնդում է, որ Խաչատրյանի տղայի հետ կապված ցուցմունք չի տվել, քանի որ չի տեսել, թե ով է եղել Հրաչիկ Միրզոյանին դանակահարողը։ Կամո Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանն իր հերթին հերքում է, թե սպառնացել է «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակցին։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ իրենք մտերիմ են և քաղաքի կենտրոնում պարզապես զրուցել են։

«Մենք պարզապես զրուցել ենք: Ես հարց եմ տվել՝ Յուրա ջան դու ներկա ես եղել միտինգին, դու նկատե՞լ ես, որ իմ տղեն է խփել մեր Հրաչ Սարուխանյանին, բա չէ, ես չեմ տեսել, ախպեր ջան: Դա է եղել: Ես էլ ասել եմ՝ սուտ ցուցմունք տալու համար, սուտ, խարդախ ձևով վերաբերվելու համար, եթե որևէ մեկը իմ տղուս հանդեպ թշնամություն է անում, դառնում է իմ թշնամին», - «Ազատության»-ը փոխանցեց Գևորգ Խաչատրյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ը այսօր բարձրաձայնել է մեկ այլ խնդրի մասին ևս, ըստ շարժման տեղեկությունների, արդեն մի քանի օր է «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում լուրեր են տարածվում, թե «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների կալանավորման պատճառով հետաձգվում է համաներման հայտարարումը։

Կառույցը պնդում է, որ այս ձևով փորձ է արվում դատապարտյալներին տրամադրել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների դեմ։

Նրանց փաստաբանները երեկ հայտարարել էին նաև, որ կալանավորված Գևորգ Սաֆարյանի խցում էլ մահճակալները դատապարտյալների թվից 2 անգամ քիչ են։

Այսօր այս հարցին անդրադարձավ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով խոստովանեց, որ քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր կա և իրենք փորձում են լուծել այն։

Հարցին էլ, թե ինչքանով էին հիմնավոր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին առաջադրված մեղադրանքները՝ նախարարը պատասխանեց, որ հարցը քննչական մարմինների տիրույթում է, թեև,օրինակ, իրավապահների առգրաված սոդայից իրենց տանն էլ կա:

«Հիմնադիր խորհրդարան»-ը և կալանավորվածների փաստաբանները շարունակում են պնդել, որ Քննչական կոմիտեի կողմից առաջադրված զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը անհիմն է:

Վաղը կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց է անցկացվելու Ազատության հրապարակում։ Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերները երեկ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել բողոքի ցույցին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանն ու Գարիկ Խաչատրյանն ասացին, որ փողոց են դուրս գալու նաև ապրիլի 24-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG