Մատչելիության հղումներ

Իշխող ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել Ընտրական օրենսգիրքը փոխելու հարցը


Իշխող ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել Ընտրական օրենսգիրքը փոխելու հարցը
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Իշխող Հանրապետականը պատրաստ է քննարկել Ընտրական օրենսգիրքը փոխելու հարցը, որը որպես հանձնարարական ներկայացվել էր նաև Եվրամիության՝ երեկ հրապարակված զեկույցում։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց՝ իրենք նույնպես կարծում են, որ փոփոխություններ են անհրաժեշտ։

«Ընտրական օրենսգրքում պետք է կատարվեն լուրջ փոփոխություններ։ Դա քննարկման փուլում է։ Նպատակը քաղաքացիների վստահության բարձրացումն է»,- ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը բացեց փակագծերը՝ ասաց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները քննարկվելու են սահմանադրական հայեցակարգի հետ, անդրադառնալու են օրենսգրքի բոլոր կետերին։ Նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը պահանջում էր հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները՝ ընտրությունների թափանցիկությունը ապահովվելու համար։ Եվրամիությունը ևս առաջարկում է դիտարկել այս հարցը։ Վահրամ Բաղդասարյանը այսօր ասաց, որ ամեն ինչ քննարկվելու է։

Եվրամիության զեկույցը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ընտրական օրենսդրության փոփոխությունները նախաձեռնել մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկներին համապատասխան։ Միջազգային դիտորդներն առաջարկել էին, որ կուսակցությունների, թեկնածուների նախընտրական քարոզչական շտաբները չտեղակայվեն պետական կամ տեղական իշխանությունների շենքերում, բացառվի պաշտոնյաների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը և քրեական օրենսգրքով պատիժներ նախատեսվեն չարաշահող պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այս առաջարկները գործնականում ազդեցություն չեն ունենա, քանի որ այդ պաշտոնյաները վստահ են, որ պատասխանատվության չեն ենթարկվի։

«Այդ կեղծարարները շատ լավ գիտեն, որ իրենք կատարում են Սերժ Սարգսյանի և իր քաղաքական հենարանը հանդիսացող Հանրապետական կուսակցության հանձնարարությունը և պատվերը։ Դրա համար էլ վստահ են, որ այնքան ժամանակ, ինչքան Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության գլուխ, իրենք մեծ հաշվով ապահովագրված են»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ 2013 թվականի նախագահական ընտրությունների օրինակով հիշեց, որ շատ պետական կառույցներում Սերժ Սարգսյանի նախընտրական գրասենյակներն էին տեղակայված, պաստառներ էին փակցված, իսկ պետական պաշտոնյաները քարոզչություն էին իրականացնում։

«Մենք ունենք մեկ այլ օրինակ, երբ մարզպետարանը հայտարարություն էր արել, թե ինչպես է աջակցել ընտրություններին։ Օրինակները բազմաթիվ են։ Մենք չունենք վստահելի իրավական, դատական համակարգ, ուրեմն ամենախիստ պատիժը կկիրառվի խտրականորեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստանում» նույնպես ողջունում են այս առաջարկները։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ վստահ է՝ Հայաստանում անգամ ամենակատարյալ Ընտրական օրենսգիրք ունենալու դեպքում էլ ոչինչ չի փոխվի։

«Գործող Սահմանադրությունը այսօր մեղավոր չէ, որ մարդու իրավունքները չեն հարգվում, որ դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, որ կա բացարձակ անվստահություն դատական իշխանության հանդեպ։ Այստեղ մեղավոր են ստեղծված խաղի կանոնները»,- ասաց ԲՀԿ-ի ղեկավարը։

Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ ասել, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մինչդեռ վստահ է՝ միայն ճնշման դեպքում իշխանությունները կգնան էական փոփոխությունների։ Հանրապետական խմբակցությունում պնդում են, որ պատրաստ են գնալ փոփոխությունների սեփական կամքով։ Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ աշխատում են, որ վերամշակված նոր Ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի մինչև 2017 թվականի ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG