Մատչելիության հղումներ

Քննարկվել են հեռանկարային ոլորտներում հայ-չինական երկկողմ հարաբերությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները:

ՀՀ նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մեծապես կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի նախագահի՝ Չինաստան պետական այցի շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքներով ստորագրված համագործակցության փաստաթղթերը:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը և դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ Հանրապետության նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG