Մատչելիության հղումներ

Փաշինյանը Շաբոյանին խորհուրդ է տալիս «ոտքի տակ չընկնել»


Փաշինյանը Շաբոյանին խորհուրդ է տալիս «ոտքի տակ չընկնել»
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

Այսօր էլ թեժ մթնոլորտում անցավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագրի քննարկումը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այս տարվա ծրագրի քննարկումը դարձյալ թեժ մթնոլորտում անցավ: Հանձնաժողվի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ կասկածի տակ էր դրել Հայաստանում չափազանց թանկ վաճառվող շաքարավազի մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները՝ հայտարարելով, թե, օրինակ, «Երևան սիթի»-ում կարելի է էժան շաքարավազ գնել:

Նիկոլ Փաշինյանը նկատեց. - «Պարոն Շաբոյան, լավա չասեցիք՝ «Երևան սիթի»՝ ամենացածր գները տարածաշրջանում, գումարած երեք հատ անվճար լավաշ։ Բայց, եթե այսպես ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հանրության հետ, որովհետև ձեր գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունը՝ դե ֆակտո գործառույթը, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաները և քվոտաները պաշտպանելն է»։

Պատգամավորը հայտարարեց՝ այն որ «Երևանի սիթի»-ում շաքարավազը ավելի էժան է վաճառվում, քան հանրապետության մնացած խանութներում հենց մենաշնորհի չարաշահման հետևանք է:

«Հայաստանում շաքարավազի մոնոպոլիան և «Երևան սիթի» խանութների ցանցը պատկանում է նույն մարդուն՝ ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ 369 դրամ Ալեքսանյանի համար շահութաբեր գին է, բայց մանր և միջին խանութատերերի համար, չի կարող շահութաբեր լինել։ Ի՞նչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում «Ալեքս Գրիգ»-ի և «Երևան սիթի»-ի կողմից, պարոն Շաբոյան, բա գերիշխող դիրքի չարաշահումը պոզով-պոչով է լինո՞ւմ», - ասաց Փաշինյանը։

Պատգամավորը հակամրցակցային այլ երևույթներ էլ մատնանշեց՝ նորաբաց «Քարֆուր» սուպերմարկետում և «Երևան սիթի»-ում շաքարավազի գները նույնն են:

«Բա ի՞նչ է սա, եթե ոչ հակամրցակցային համաձայնություն, պարոն Շաբոյան, դուք կարո՞ղ եք այս հարցով զբաղվել, դուք նույնիսկ սրա մասին մտածելու համարձակություն չեք ունենա, որովհետև երբ որ սկսեք մտածել, դեռ միտքը չավարտած՝ ձեզ այս պաշտոնից նենց կհանեն, որ ուք էլ չեք իմանա», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը ելույթը եզրափակեց՝ դիմելով Արտակ Շաբոյանին՝ բանավեճը Ձեզ հետ չէ։ «Որովհետև դուք չափազանց փոքր ֆիգուր եք Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է։ Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել», - ասաց Փաշինյանը։

Խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանը զարմացավ՝ հանձնաժողովի առաջիկա ծրագիրը տեղավորվել է ընդամենը 28 էջի վրա, ընդ որում, մեծ մասը նախորդ տարվա ամփոփումն է: Պատգամավորը հայտարարեց՝ Արտակ Շաբոյանի ներկայացրած փաստաթղթում բացակայում է նաև գործունեության ժամանակացույցը, ինչը օրենքի պահանջն է։

«Միակ ձևակերպումը, որ կարողացա գտնել հետևյալն էր՝ «Հանձնաժողովի նախաձեռնությամբ տարվա ընթացքում»։ Կներեք, այս ձևակերպումը իմ համար չի կարող լինել ժամանակացույց։ Դրա համար առաջարկում եմ՝ այս փաստաթուղթը տանեք, բերեք նորմալ աղյուսակային, կամ ինչ-որ մի այլ ձևակերպումներով, բայց գրեք՝ որ գործողությունը, որ ժամկետում, երբ եք անելու», - ասաց Պողոսյանը։

Պետական հանձնաժողովի ծրագիրը խիստ քննադատեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ փաստաթուղթը ողորմելի համարելով: Հրանտ Բագրատյանին չի համոզում «Սերժ Սարգսյանի ձևակերպած և Արտակ Շաբոյանի կողմից վերաշարադրած արդարացումը, թե փոքր երկիր ենք, մրցակցության հետ խնդիրները դրանով են պայմանավորված»։

«Փոքր երկիր ենք, ասում է, մրցակցությունը, բա, պրոբլեմ կլինի։ Այ ընկերներ, առաջին տասը երկրներն են աշխարհի, 10-ից 7-ը փոքր են, խոշոր երկրներն էլ ասում են՝ «երանի ձեզ, փոքր երկիր եք՝ հեշտությամբ կարգավորում եք այս հարցերը»։ Ձեզ ո՞վ է ասում, որ փոքր երկրում մրցակցությունը պետք է վատ լինի, գուցե՞ մտածեք ձեր քաղաքական իշխանության մասին, որ խեղդում եք։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են բիզնես ունեցողները ցանկանում պատգամավոր դառանալ, որովհետև լավ մի բան հասկացել են՝ քաղաքական իշխանություն ունես, ունես տնտեսական իշխանություն», - ասաց Բագրատյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, մենաշնորհային տնտեսության պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի ուսերին է, հանձնաժողովն էլ ձախողել է աշխատանքը:

«Դուք գիտակցաբար համաձայնվել եք դառնալ Սերժ Սարգսյանի ձեռքում մի գործիք, որը մի կողմից տպավորություն է ստեղծում միջազգային հանրության և մեր հասարակության համար, թե իբր Հայաստանում պայքար է մղվում մենաշնորհների դեմ, մյուս կողմից՝ ստեղծել հանցավոր մենաշնորհային գործունեության օրինականացման շղարշը։ Եթե դա է ձեր առաքելությունը, ապա դա շատ անպատվաբեր է», - ասաց Զուրաբյանը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց՝ գուցե սխալ է, որ հանձնաժողովի ծրագիրը ներկայացվում և պարզապես ընդունվում է ի գիտություն, եթե քվեարկությամբ հաստատվեր, գուցե ամեն ինչ այլ կերպ կլիներ: Բաղդասրայնը՝ կոչ արեց Արտակ Շաբոյանին ավելի լավ պատրաստվել՝ պատասխանելու բարձրացվող հարցերին և պատգամավորների հետ «փոխհրաձգության» մեջ չմտնել։

«Եվ, պարոն Շաբոյան, նաև Ձեզ կխնդրեմ, որ Ազգային ժողովում Ազգային ժողովի պատգամավորների վրա..., կարող է նրանք իրավունք ունեն որպես տան տեր, բայց դուք ձեր մասնագիտական թեմայից մի շեղվեք, այդ գործը թողեք մեզ, մենք այդ պատասխանները կտանք», - ասաց Բաղդասարյանը։

Արտակ Շաբոյանն իր եզրափակիչ ելույթում այնուամենայնիվ անդրադարձավ իր հասցեին հնչեցված կոշտ քննադատությանը:

«Կցանկանայի նաև որոշ ընդդիմադիր գործիչներին անդրադառնալ որոնք անհիմն վիրավորում են և զրպարտում են. դուք դրա իրավունքը ընդհանրապես չունեք, ձեր չափը իմացեք և ձեզ նորմալ պահեք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ և ավել», - ասաց Շաբոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG