Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն սպասում է, թե մարտի 5-ին «ինչ մեսիջ» կուղարկի ԲՀԿ-ն հասարակությանը


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հինգշաբթի ուշ երեկոյան ավարտված գործադիր մարմնի նիստում «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) հետ կապված որևէ հարց չի քննարկել։ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ պետք է սպասել և տեսնել, թե մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարում այդ կուսակցությունը ինչպիսի քաղաքական հայտարարություններ կանի, ինչ որոշումներ կընդունի, որից հետո էլ կանդրադառնան «Բարգավաճ Հայաստան»-ին։

«Մի հատ տեսնենք մարտի 5-ին ԲՀԿ-ն ինչ է հայտարարում, տեսնենք ԲՀԿ-ն ինչ է որոշում՝ ո՞վ է մնում քաղաքականության մեջ, ո՞վ է դուրս գալիս քաղաքականությունից, նոր ղեկավա՞ր են ընտրում, նոր ղեկավար մարմի՞ն են ընտրում, ի՞նչ ծրագիր են ընդունում, ի՞նչ մեսիջ են ուղարկում հասարակությանը», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը:

Չնայած ներքաղաքական կյանքում իրավիճակի հանդարտեցմանը, իշխող Հանրապետականում կարծիքների փոփոխություն չի եղել։ Ինչ վերաբերում է Հանրապետականի խորհրդի փետրվարի 12-ի նիստի ընթացքում և դրանից հետո ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած քննադատություններին, Շարմազանովի խոսքով՝ դա եղել է կուսակցության խորհրդի բոլոր անդամների կարծիքը, հնչած գնահատականները եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական և որևէ մեկի համար վիրավորական չեն եղել։

«Ես ձեզ հիմա կրկնում եմ, ինչ ասել եմ նախորդ շաբաթ․ բոլոր քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական մշակույթին հարիր ճանապարհով, բոլոր ոչ քաղաքական երևույթները՝ զոռբայությունը, բիլակներով հարցեր լուծելը, կիսագրագիտությունը, անգրագիտությունը, պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Այն դիտարկմանը, որ չնայած Հանրապետականը հայտարարում է քաղաքական դաշտը մաքրելու մասին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի հեռանում քաղաքականությունից, իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց, որ դա Ծառուկյանի խնդիրն է, իսկ իրենց կարծիքը կասեն ԲՀԿ-ի համագումարից հետո։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը այնտեղ փոփոխություններ լինելու դեպքում՝ Շարմազանովն ասաց, որ այս պահին Հանրապետականի օրակարգում նման հարց չկա, բայց քաղաքականությունում ոչինչ չի կարելի բացառել։

Այն հարցին էլ ի պատասխան՝ արդյոք Սերժ Սարգսյանը անդրադարձե՞լ է սահմանադրական բարեփոխումներին, ՀՀԿ-ի խոսնակը հիշեցրեց, որ նախագահը իր կարծիքը ասելու է փետրվար-մարտ ամիսների ընթացքում․ - «Այսօր փետրվարի 26-ն է, մարտը ավարտվում է մարտի 31-ին, դեռ բավականին ժամանակ կա, և ես ձեզ հորդորում եմ դանդաղ շտապել․ օրը գա, բարին՝ հետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG