Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը համատեղ հայտարարություն են տարածել


Ազգային ժողովի « Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցություններն այսօր համատեղ հայտարարության տեքստ են մշակել, որը պետք է ներկայացվեր այդ խմբակցությունների համատեղ ուժերով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Սակայն, քանի որ իշխող Հանրապետական կուսակցությունը տապալեց նիստը, խմբակցությունները լրատվամիջոցներին են տրամադրել հայտարարության տեքստը, որը ներկայացնում ենք ստորև:

«Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը: Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակին:

Ազգային ժողովը պահանջում է.

1. Ազգային ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարքները և իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:

3. Ազգային Ժողովը պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար երկրին անհարիր նման երևույթները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG