Ճարտարապետներն ու ակտիվիստները պնդում են, որ չնայած իրենց բողոքներին, Երևանի կենտրոնում՝ Օպերայի հարևանությամբ, սրճարաններից մեկում ապօրինի շինարարությունը շարունակվում է:
Մեր նախորդ այցելության ընթացքում շինհրապարակը մասամբ էր ծածկված կապույտ պոլիէթիլենային պատնեշով, այսօր շինարարության տարածքն ընդարձակվել էր:
Նկարահանվել չցանկացող և որպես շինարար ներկայացող անձն ասաց, որ իրենք ընդամենը սալիկներն են նորոգում: Նա նաև ցույց տվեց քաղաքապետարանից ստացած աշխատանքների կազմակերպման էսքիզային նախագիծը:
Մոտ մեկ շաբաթ առաջ շինթույլտվության բացակայության պատճառով ոստիկանությունը կասեցրել էր շինարարությունը:
Քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը վստահեցրեց՝ շինարարի ցույց տվածը շինթույլտվություն չէ, ընդամենը էսքիզ - նախագիծ է, որը իրենց հանձնաժողովում դեռ չի հաստատվել։
«Այդպիսի նախագիծ չի քննարկվել, չի նայվել քաղաքաշինության խորհրդի կողմից կամ գլխավոր ճարտարապետի կողմից։ Ինչի՞ թույլտվություն է տվել, երբ որ չգիտենք՝ ի՞նչ է սարքում։ Հարցրել եմ գլխավոր ճարտարապետին, ասել է՝ ինքն այդպիսի հաստատման որևէ փաստաթղթի չի առնչվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քալաշյանը։
Քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչև 2026 թվականը սրճարանը վարձակալած ընկերությունը տարածքի բարեկարգման ու հարդարման աշխատանքներ է իրականացնում: Շինարարության խորը հիմքերը տեսնելով՝ Քալաշյանը վստահ չէ, որ միայն սալիկներն են նորացվելու։
«Առնվազն ստորգետնյա պահեստով մեկ հարկանի շինություն է կառուցվում», - կարծիք հայտնեց ճարտարապետը։
Երգերում վարդագույն և կանաչապատ Երևանը գովերգող Արթուր Իսպիրյանը, ով մանկությունն անցկացրել է Կասկադի հարակից տարածքում, «Ազատության»-ը փոխանցեց հարևանների տեսածը՝ գիշերը շինարարական 4 մեքենաներով հող է հանվում տարածքից:
Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը սա հերթական ապօրինություն համարեց քաղաքի կենտրոնում:
«Աչքը տեսածից է վախենում», - ասաց նա ու հավելեց, որ այսպիսի օրինակները քիչ չեն. - «Մենք դա տեսել ենք և Ծածկած շուկայի պարագայում և Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 10-ի, Ամիրյան 24-ի շինարարության ժամանակ։ Դրանք բոլորը վկայում են այդ հանցավոր անպատժելիության շարունակությունը»։