Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյան. «Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն»


ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակած հաղորդագրությամբ որոշ մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայրում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի իրականացրած հատուկ նշանակության գործողության մասին:

«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին», - մասնավորապես, գրել է Արծրուն Հովհաննիսյանը, - «Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG