Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ամենամեծ թվով արտասահմանցի ուսանող հյուրընկալող երկիրն է աշխարհում


Միացյալ Նահանգների համալսարաններում ներկայումս սովորում է ավելի քան 900,000 արտասահմանցի ուսանող։ Նրանց կեսը գալիս է Ասիայից, հիմնականում՝ Չինաստանից։ Միացյալ Նահանգները ամենամեծ թվով արտասահմանցի ուսանող հյուրընկալող երկիրն է աշխարհում։

Միջազգային կրթության հաստատության նոր զեկույցի համաձայն, ընթացիկ կրթական տարում ավելի քան 886,000 արտասահմանցի ուսանող է ներգրավված Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչը ութ տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ և կրկնակի անգամ ավելի՝ մեկ տասնամյակ առաջ գրանցված թվի համեմատությամբ։ Այդ միտումը պայմանավորված է հիմնականում Չինաստանից եկող ուսանողների թվի աճով։

«Միացյալ Նահանգներում շեշտվում է դասարաններում քննարկելու, կարծիք հայտնելու և դասախոսների հետ բանավիճելու կարևորությունը։ Այդ փորձառությունը շատ կարևոր է ինձ համար», - ասում է Էրիք Քսյուն Չինաստանից։

Աճել է նաև Քուվեյթից, Բրազիլիայից, Սաուդյան Արաբիայից և նույնիսկ Իրանից ժամանած ուսանողների թիվը։ Միացյալ Նահանգների ԲՈՒՀ-երում սովորողների ավելի քան չորս տոկոսը արտասահմանից է։ Շատերի կարծիքով, արտասահմանցի ուսանողների ներկայությունը նպաստում է կրթության ոլորտի զարգացմանը և մոտ 4000 համալսարաններ կարող են հավելյալ արտասահմանցի ուսանողներ ընդունել։

Միջազգային կրթության հաստատությունից Ռաջիկա Բհանդարիի խոսքերով, արտասահմանցի ուսանողների առկայությունը հնարավորություն է տալիս ամերիկացի ուսանողներին միջազգային շփումների փորձ ձեռք բերել, հաղորդակցվել այլ պետությունների մշակույթի հետ:

Արտասահմանցի ուսանողների ներկայությունը նպաստում է նաև ամերիկյան տնտեսությանը։

Միացյալ Նահանգների կրթության հարցերով արտգործնախարարի օգնական Էվան Ռայանի խոսքով, կարեւոր է նաև արտասահմանում սովորելը, քանի որ այն ընդլայնում է ամերիկացի ուսանողների գիտելիքները, ինչպես նաև օտար լեզուներ և գլոբալ ըմբռնումներ ձեռք բերելու կարողությունները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում հաջողության հասնելու համար։

2012-ից մինչև 2013 թվականը մոտ 290,000 ամերիկացի ուսանող սովորել է արտասահմանում։ Ամերիկացի ուսանողների թիվը մեծ է հատկապես Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում։ Աճում է նաև Լատինական Ամերիկայում և Չինաստանում սովորող ամերիկացիների թիվը։

«Չինաստանում այժմ սովորում է ավելի քան 14,000 ամերիկացի ուսանող», - ասում է Քրիստին Ֆարուջիան Միջազգային կրթության հաստատությունից։

Վերջին տարիներին աճել է ոչ միայն Միացյալ նահանգներում սովորող արտասահմանցիների թիվը, այլ նաև բարձրացրել է աշխարհի այլ երկրների միջև ուսանողների փոխանակման տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG