Մատչելիության հղումներ

«Արժեքների հեղափոխության» փորձից մեկ տարի անց


2013-ի նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանում
2013-ի նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանում

Թեև «արժեքների հեղափոխության» փորձ կատարողներից շատերն այսօր բանտերում են, բայց բազմիցս ասել են՝ իրենց բանտարկելով հնարավոր չէ խափանել իրենց քաղաքացիական պայքարը:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի հարակից տարածքում «արժեքների հեղափոխության» նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիները հայտնվեցին ոստիկանների ուշադրության կենտրոնում: Ամեն ինչ սկսվեց անակնկալ:

Շանթ Հարությունյանն արժեքների հեղափոխության անխուսափելիությունը բացատրում էր Հայաստանում տարիներով արմատացած հուսալքությունը հաղթահարելու՝ իր և գաղափարակիցների կամքով:

«Չեմ ուզում եթամ Կիևյանում ինձի քցեմ, Հայաստանից չեմ ուզում էթամ: Ես չեմ ուզում աշխարհում իմ ազգի մասին ասեն, որ ընդեղ ժողովուրդ չկա, սաղ փչացած են», - հայտարարում էր նա:

Շանթի հետ էին ոչ միայն ավելի ուշ դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած դատավճռով մինչև 7 տարվա ազատազրկման դատապարտված իր գաղափարակից ընկերները, այլև 15-ամյա որդին՝ Շահենը, ով 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:

Անհետևանք մնացին անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ոստիկանական գործողություններին գնահատական տալու բոլոր պահանջները։

Մինչդեռ մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքի պահին էին քաղաքացիները պնդում, որ ամեն ինչ եղել է ոստիկանական սադրանքի հետևանքով։ «Արա՛, գռաժդանսկի են, մտել են մեջներս, քրեականի բաները», - բղավում էին փողոց դուրս եկած քաղաքացիները։

Բայց քաղաքացիական հագուստով ոստիկանները դատարանում դժվարանում էին բացատրել, թե ո՞ր օրենքով, ո՞ր օրինական գործողության նպատակով էին հայտնվել այնտեղ, որտեղ Հայաստանի քաղաքացիները արժեքների հեղափոխության անհրաժեշտության մասին էին բարձրաձայնում։

Ոստիկանները դատարանում վկայում էին, թե նոյեմբերի 5-ին արցունքներ են հայտնվել իրենց աչքերում:

«Աչքերս շատ քիչ արցունքակալել ա, չէի կարողանում բացել, բացելուց հետո մռմուռ եմ զգացել, այնուհետև անցել ա։ Էդ պահին հրաժարվել եմ [բժշկի] դիմել», - դատարանում վկայություն տալիս հայտարարեց ոստիկաններից մեկը։

Նրանք նաև դատարանում դժվարացան տեսանյութերով ապացուցել իրենց մեղադրական ցուցմունքները։ Ոստիկաններից մեկն անգամ դահլիճին զարմացրեց, երբ հայտարարեց՝ «տեսախցիկների խնդիրն է, որ չեն արձանագրել մեղադրանքն ապացուցող իրավիճակները»։ Բայց դա չխանգարեց, որ դատավորը մինչև 7 տարվա ազատազրկման դատապարտեր Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած Շանթին և գաղափարակից ընկերներին։

Դատավճռից առաջ փաստաբան Արա Զաքարյանը դատավորից պահանջել էր դատավճռով արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում, հանցագործ համարելով Շանթին, խախտել էր անմեղության կանխավարկածը:

Բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը չարտաբերեց անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ որևէ բառ:

Շանթն ու ընկերները դատարանում բազմիցս են ասել, որ իրենց բանտարկելով հնարավոր չէ խափանել իրենց քաղաքացիական պայքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG