Մատչելիության հղումներ

Ակտիվիստները «խայտառակություն» են որակում «Իրավունքի» օգտին կայացված դատավճիռը


Ակտիվիստները «խայտառակություն» են որակում «Իրավունքի» օգտին կայացված դատավճիռը
please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00

16 քաղաքացիներ դատարանից պահանջում էին պատասխանատվության կանչել պարբերականին՝ իրենց պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար:

«Իրավունք» թերթի դեմ հայց ներկայացրած քաղաքացիական ակտիվիստները բռնաճնշում և խայտառակություն են որակում դատարանի վճիռը, որով մերժվեց 16 քաղաքացիների պահանջը՝ իրենց պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար 5 միլիոն դրամ գանձել պարբերականից:

Ավելին, դատավորը որոշեց 300 հազար դրամ բռնագանձել հայցվորներից՝ «Իրավունք» թերթի և հոդվածագրի փաստաբանական ծախսերը փոխհատուցելու համար:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող թերթը գարնանը հրապարակել էր «Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որում անուն առ անուն և լուսանկարներով մատնացույց էին արվել վեց տասնյակ քաղաքացիներ:

Թերթը կոչ էր արել իր ընթերցողներին չբարևել ցուցակում ընդգրկված մարդկանց, որևէ հարցում չօգնել։ Գործատուներին և պետական պաշտոնյաներին «Իրավունք»-ը հորդորել էր այս քաղաքացիներին չընդունել աշխատանքի կամ ցանկացած հարմար պատրվակով հեռացնել պետական ծառայությունից:

Թերթը պնդում է, որ այս մարդիկ մասնակցել են երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քույրերին հարցեր ուղղելով: «Իրավունքի» սև ցուցակում հայտնված Գայանե Առուստամյանն ասում է՝ երեկվա վճռով պաշտոնապես հաստատվեց մարդաորսը։

«Սա ֆաշիստական ռեժիմի հրեշավոր օրենքներով առաջնորդվող խամաճիկ դատարանի որոշում էր»,- ասաց նա։

Առուստամյանը հիշեցրեց՝ դատվճռի հրապարակումից օրեր առաջ Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցեց թերթի 25-ամյակի միջոցառմանը՝ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելով Հայկ Բաբուխանյանին։ Թերթի այլ աշխատակիցներ ևս նախագահի ձեռքից մեդալներ ստացան։

«Սերժ Սարգսյանը անձամբ խրախուսում է, որ Հայաստանում մարդու պատիվն ու արժանապատվությունը մամուլի միջոցով նվաստացվի, և մարդիկ ցուցակագրեն այլակարծություն, այլախոհություն արտահայտող հանրության անդամներին և հանձնեն իշխանություններին՝ ազատ խոսքը ճնշելու նպատակով», - ասաց Առուստամյանը:

Սև ցուցակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Աննա Շահնազարյանը շարունակում է՝ Սերժ Սարգսյանի քաղաքական քայլը՝ պարգևատրումը, ամբողջացավ դատավճռով.- «Վճիռը կարդացել է Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ են իշխանությունները հետաքրքրված ատելություն քարոզելով, որոշակի խմբի թիրախավորելով... որովհետև դրանք ազատ արտահայտվող և քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող ակտիվ քաղաքացիներն են»։

Աննա Շահնազարյանը մատնացույց է անում Ռուսաստանը, որտեղ տեսնում ենք ատելության քարոզի վտանգները, այնտեղ այսպիսի ցուցակներ կան մարդկանց ծեծող, սպանող սքինհեդների ձեռքին: Ասում է՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում, Եվրոպական դատարան են հասնելու, որ հանրությունը հասկանա՝ մարդկանց չի կարելի պիտակավորել, հրահրել միմյանց դեմ։

«Ասելով, որ պետք է հետապնդման ենթարկել, դա կոնկրետ հանցագործություն է»,- ընդգշեց ակտիվիստը։

Արշակյան քույրերից Անուշը ֆեյսբուքյան ասուլիսից առաջ աղմկահարույց հայտարարություն էր արել, թե «Եվրատեսիլ»-ում հաղթած Կոնչիտան հակակրանք է առաջացնում, ինչպես հոգեկան հիվանդը։

«Ինձ ինչու են ազգի թշնամի անվանում, երբ ես մեջբերում եմ Հայաստանի կարևորագույն օրենքներից մեկը, և Ինգա և Անուշ Արշակյաններին հարցնում եմ՝ դուք տեղյա՞կ եք՝ արգելվում է հոգեկան հիվանդություն ունեցող անձին հրապարակայնորեն վիրավորել»,- ասաց Շահնազարյանը։

Գայանե Առուստամյանն ասում է՝ եթե մարդուն վիրավորելը դատարանը որակում է խոսքի ազատություն կամ գնահատում 300 հազար դրամ, ապա ինքն էլ պատրաստ է տեսախցիկի առջև վիրավորել թերթի խմբագրին: Կարծում է՝ վհուկների որսի վերածված այս ճնշումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ։

«Մենք քաղաքական հայացքների համար խոշտանգված ու բանտեր նետված մարդիկ ունենք, և որևէ երաշխիք չկա, որ արդեն հաջորդ քայլը լինի մեզ հրապարակներում խարույկներին հանելը։ Այդ ցուցակում գրեթե բոլորը ցույցերին են մասնակցում և դեմ են հանդես գալիս Եվրասիական միությանը»,- ասում է Առուստամյանը՝ հավելելով՝ ուստի պատահական չէ, որ թերթի հիմադիր, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դեմ է եվրոպական արժեքներին ու ջանասիրաբար աջակցում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

«Իրավունք» թերթում ծիծաղելի են որակում երեկվա վճիռը Սերժ Սարգսյանի շնորհավորանքի հետ կապելը։ Հոդվածի հեղինակ, թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը բացատրում է՝ նախագահը իրենց 25 ամյա ծանրակշիռ հոբելյանն է գնահատել։

«Նաև ինքը՝ նախագահը շեշտեց, որ թե ինչ կարևոր արժեք է համարում խոսքի ու մամուլի ազատությունը»,- ասաց խմբագիրը։

Հետևաբար դատարանի վճիռն «Իրավունք»-ին ամբողջովին բավարարել է՝ «այն խոսքի և կարծիքի ազատության պաշտպանություն էր, մեր երկրի նվաճումներից մեկը»: Հոդվածի հեղինակը աղմկահարույց հրապարակումից ամիսներ անց պնդում է՝ իր կազմած ցուցակի մարդկանցից հանրությունը պետք է երես թեքի, նրան սնվում են արևմտյան դրամաշնորհներով, ժողովրդի համար կասկածելի է՝ ինչ են անում։

«Ինչ-որ Կոնչիտայի վերաբերյալ վատ արտահայտվելու դեպքում, որպեսզի դրան հակադարձող լինի, կամ ինքը պետք է ունենա նույն սեռական կողմնորոշումը, ինչ Կոնչիտան, կամ լինի այդ խմբի լոբբինգով զբաղվող մեկը»,- ասաց Գալաջյանը։

«Իրավունք»-ի երկարամյա խմբագրին փոխանցեցինք, այս մարդկանցից ոմանք պատրաստ են տեսախցիկի առջև իրեն ազգի դավաճան ու թշնամի անվանել.- «Ի՞նձ ազգի դավաճան... բայց ինչի՞ հիման վրա, հակազգային կամ հակապետական որևէ գործողություններ «Իրավունք» թերթի կամ անձամբ իմ կողմից արվե՞լ են»,- հարցրեց նա։

XS
SM
MD
LG