Մատչելիության հղումներ

Յացենյուկ․ «Ռուսաստանը կշարունակի սադրանքները»


Նախընտրական պաստառ, Լվով, 23 հոկտեմբերի, 2014թ.
Նախընտրական պաստառ, Լվով, 23 հոկտեմբերի, 2014թ.

Ուկրաինայում 82 հազար ոստիկաններ ապահովելու են առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգությունը։

Գալիք կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայում նախատեսված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է դիմել սադրանքների, որոնց նպատակը կլինի այդ ընտրությունների խափանումը։

«Շատ դժվար է ընտրություններ անցկացնել մի երկրում, որի տարածքում Ռուսաստանի Դաշնությունը ռազմական ագրեսիա է իրականացրել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կշարունակի սադրանքները և իրավիճակն ապակայունացնելու փորձերը», - ասել է Յացենյուկը։

Վարչապետի փոխանցմամբ` Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ինչն ինքնին չափազանց բարդ վիճակ է ստեղծում, և հիմա երկիրը փորձում է դժվար ևս մեկ հարց լուծել` անցկացնել խորհրդարանական ընտրություններ։

Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախօրեին ստեղծված կացության մասին խոսել է նաև ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Քաղաքացիական կարգուկանոնի և ընտրական գործընթացի անվտանգությունն ապահովելու է 82 հազար ոստիկան, նրանցից 61 հազարն ուղղակիորեն զբաղվելու է ընտրական փաստաթղթերի, ընտրական գործընթացի պաշտպանությամբ։ 18 հազար ոստիկաններ կտեղակայվեն փողոցներում, ևս 4 հազարը կգործուղվեն այն տարածքներ, այն տեղամասեր, որտեղ կա ահաբեկչական հարձակումների, կամ որոշ թեկնածուների կողմից` ագրեսիվ արարքների վտանգ», - ասել է Ավակովը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը խոսել է Ռադայի ընտրությանը զինծառայողների մասնակցության մասին։

«Շուրջ տասը հազար զինծառայողներ ունեն քվեարկելու հնարավորություն։ Մնացածը դրանից զրկված են, շատերը դժգոհ են այդ որոշումից և այն բողոքարկում են դատարաններում, անձամբ ես այդ խնդրում սատարում եմ այդ զինծառայողներին, մենք պետք է պաշտպանենք նրանց քվեարկելու իրավունքը», - ասել է պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ արդար չէ, երբ բանտերում գտնվող հանցագործներին տրվում է քվեարկելու իրավունք և դրանից զրկում են հայրենիքը պաշտպանող զինվորներին։

Ընտրություններն Ուկրաինայում տեղի կունենան հաճախակի խախտվող հրադադարի պայմաններում։ Դրանք չեն անցկացվի ռուս անջատականների հսկողության տակ գտնվող արևելյան երկու մարզերի` Դոնեցկի և Լուգանսկի 14 շրջաններում։ Այդ տարածքներում անջատականները մտադիր են նոյեմբերին անկախ ընտրություններ անցկացնել։ Բնականաբար, քվեարկություն չի լինի նաև Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում։

Հարցախույզի արդյունքների համաձայն՝ «Պետրո Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը, որի նախկին անունը «Համերաշխություն» էր, Ռադայում կստանա տեղերի մոտ 30 տոկոսը և կառավարություն ձևավորելու համար ստիպված կլինի կոալիցիա կազմել ազգայնական այլ կուսակցությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG