Մատչելիության հղումներ

Բողոքներ Կոբզոնի և Վալերիայի լոնդոնյան համերգի դեմ


Ռուսաստան - Վալերիան և Իոսիֆ Կոբզոնը երգում են Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում, արխիվ
Ռուսաստան - Վալերիան և Իոսիֆ Կոբզոնը երգում են Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում, արխիվ

Նրանք «Կրեմլին ձայնակցող արվեստագետներ» են, ընդգծում են ակտիվիստները:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի ամենահեղինակավոր սրահներից մեկում` Royal Albert Hall-ում այսօր նախատեսված է ռուսական էստրադայի աստղեր Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի համատեղ համերգը։

Լոնդոնում մի քանի հազար ակտիվիստներ Change.org հանրային դիմումագրերի կայքէջում նախաձեռնել են բողոքի արշավ՝ հորդորելով Եվրոպայի, մասնավորապես Բրիտանիայի իշխանություններին միջամտել և արգելել այդ երկու կատարողների ելույթը։

Ակտիվիստները նշում են, որ Կոբզոնը և «Վալերիա» բեմական անունով հայտնի Ալլա Պերֆիլովան «Կրեմլին ձայնակցող արվեստագետների շրջանից են»։

Ակտիվիստներն օգտագործում են արևմտյան մարզական մամուլում շրջանառվող մի տերմին` сheerleaders` այդպես են անվանում սիրունիկ աղջիկներին, ովքեր մարզական հանդիպման ընդմիջման րոպեներին պարում և ոգևորում են տեղական թիմի երկրպագուներին։

Այս տարվա մարտին «сheerleader-ներ» Կոբզոնն ու Վալերիան հրապարակել են բաց նամակ, որով իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Ղրիմը գրավելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։

Վալերիան նաև գովեստով է խոսել միասեռականներին թիրախ դարձնող նոր օրենքների, Pussy Riot փանք խմբի անդամներին բանտարկելու և իշխանությունների վիճահարույց այլ նախաձեռնությունների մասին։

«Չի կարելի Արևմուտքում սրտաբաց ընդունել մարդկանց, ովքեր գովազդում են Ռուսաստանի կառավարության հանցավոր գործողությունները, մենք համոզված ենք, որ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց քայլերի և արարքների համար», - ասել է Լոնդոնում ապաստանած հակապուտինյան ակտիվիստ Անդրեյ Սիդելնիկովը։

Նա կոչ է արել պաշտոնական Լոնդոնին արգելել Կոբզոնի և Վալերիայի մուտքը Միացյալ Թագավորություն։ Հոկտեմբերի սկզբին Սիդելնիկովը նամակով դիմել է անձամբ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին՝ նրան հորդորելով անցանկալի անձ՝ persona non grata հռչակել Կոբզոնին և Վալերիային։

Ռուսաստանցի երկու կատարողների այսօրվա համերգն արգելելու դիմումը ստորագրել է ավելի քան 4 հազար մարդ։ Ակտիվիստները նշում են, որ Կոբզոնն ու Վալերիան, օգտագործելով իրենց ազդեցությունը և կարգավիճակը, դարձել են քարոզի գործիք միջազգային պայմանագրերը խախտող վարչակարգի ձեռքում։

Ըստ Սիդելնիկովի՝ «լայնորեն գովազդվող համերգը Կրեմլի դավադրությունն է, որի նպատակն է չեզոքացնել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները»։

Վալերիայի ամուսինը` Իոսիֆ Պրիգոժինը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է, ասել է, որ համերգի նպատակն է «բարձրացնել արտասահմանում Ռուսաստանի վարկանիշը»։

«Այդ երկերեսանիությունն անընդունելի է․ նրանք դատապարտում են արևմտյան արժեքները, հետո մեկնում Արևմուտք՝ փող վաստակելու, արձակուրդ անցկացնելու և անշարժ գույք ձեռք բերելու համար», - ասել է Սիդելնիկովը։

Համերգն արգելելու արշավի ակտիվիստների փոխանցմամբ՝ Վալերիայի դեռահս որդին, ով այսօր դաշնամուր է նվագելու, ուսանում է Շվեյցարիայում։ Կոբզոնի դուստրը, փեսան և թոռներն ապրում են Լոնդոնում։

Համերգի հովանավորը «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային մշակութային գործակալությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG