Մատչելիության հղումներ

Թալինի քաղաքապետի հարազատների՝ սիրիահայ բժշկին ծեծելու գործով քննություն է տարվում


Թալինի քաղաքապետի հարազատների՝ սիրիահայ բժշկին ծեծելու գործով քննություն է տարվում
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00

41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանի գործը գտնվում է հանրապետության ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին «Ազատությանն» ասաց Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբանը պնդում է, թե օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում իրեն ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրները, վարորդ Կայծեր Ավետիսյանն ու քաղաքապետի բարեկամներից Սուրիկ Գրիգորյանը։

«Ասավ՝ արա, դու ո՞վ ես, ու․․․ ես չպատկերացրի, որ կխփի․․․ խփեց աչքիս: Սկսեցի հեռանալ, որպեսզի․․․ դե՝ ինչքան հեռանում եմ, այնքան մարդիկ շատանում են կողքս: Մեկ էլ եկավ, էլի մոտեցավ, էլի գլխիս խփեց բռունցքով, արդեն ես էլ: Տեսնեմ մարդիկ շատացան՝ քաղաքապետի երկու եղբայրները կային՝ Վաչիկն ու Արամը: Այնտեղից խփեցին կռնակիցս, ընկա այդ խոտերի մեջ, և սկսեցին ոտքով ինձ հարվածել», - պատմում է Աղոյանը:

Բժիշկն ասում է, որ դեռ ցավեր ունի, բայց կարողացել է ինքն իրեն բուժօգնություն ցույց տալ։ Վնասվել է աչքը, ոտքը, ձեռքը, մարմնի տարբեր հատվածներ։ Փորձաքննությունը կպարզի վնասվածքների աստիճանը։

Սիրիական պատերազմի պատճառով երկու տարի առաջ հայրենիք տեղափոխված Բողոս Աղոյանին առողջապահության նախարարությունն է գործուղել Թալինի բժշկական կենտրոն։ Այստեղ էլ նա ծանոթացել է ապագա կնոջ հետ, ամուսնացել, այժմ սպասում է առաջնեկի ծնունդին։ Պատմում է, որ աշխատանքից հետո դուրս գալով հիվանդանոցի բակ, որտեղ կայանված է իր ավտոմեքենան, նկատել է, որ ավտոմեքենայի հետևի մասում այլ մեքենա կա։ Բժիշկն ազդանշան է հնչեցրել և ձեռքով կանչել է մեքենայի տիրոջը, որպեսզի իր համար ճանապարհ ազատեն:

«Մեկ էլ մեկը դուրս ելավ ու գոռաց՝ արա, ինչո՞ւ ես ձեռքդ բարձրացնում», - ասում է Աղոյանը:

Քաղաքապետի ազգականներն այդ ժամանակ հիվանդանոց էին բերել երեխաներից մեկին։ Քաղաքապետարանի վարորդը նրանց սպասելիս է եղել բակում, և լսելով, բժշկի բողոքները, անցել է բռունցքների։

Հայրենիք տեղափոխված Աղոյանը տարակուսած, զարմացած և նեղսրտած է։

Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը նշեց, որ այժմ պարզում են կատարվածը, ինչից հետո որոշում կկայացնեն քրեական գործ հարուցելու մասին։

«Ընդունել ենք հաղորդում ծեծի և մարմնական վնասվածքի վերաբերյալ, տրամադրել ենք դատաբժշկական ուղեգիր, լսել ենք բժշկին: Հիմա կատարվում է հետաքննություն, հերթով բոլորին կլսենք, նոր կկարողանանք լիարժեք պատասխան տալ, թե իրականում ինչ է կատարվել», - նշեց ոստիկանապետը, - «Նաև ավելացնեմ, որ դեպքը Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական հսկողության տակ է և ինձ հանձնարարվել է, որպեսզի ռեալ, օբյեկտիվ և խորությամբ կատարվի հետաքննություն»:

Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը չցանկացավ տեսագրվել, համաձայնեց ձայնագրվել ու պնդեց, որ իր երկու եղբայրները, ճիշտ է, գտնվել են հիվանդանոցում, բայց չեն մասնակցել ծեծին։ Քաղաքապետը հույս ունի, որ ոստիկանությունը կպարզի եղելությունը։ Նա քննադատում է Բողոսին հերյուրանքներ տարածելու համար:

«Այսինքն՝ մեկ հոգու ասածով, որը ընդամենը թալինցիներին չի ճանաչում, ու Թալինի քաղաքապետի վրա, չգիտեմ, ցանկանում է ինչ-որ PR-ներ կպցնել․․․ ի՛նձ էլ են ճանաչում թալինցիները, իմ եղբայրներին էլ են ճանաչում, իմ շրջապատին էլ են ճանաչում, և միաժամանակ իրեն էլ ճանաչում և իր հետ նստող-ելնողներին էլ են ճանաչում: Այսինքն, ես չէ, որ պիտի ասեմ՝ ես ով եմ, կամ ինքը ով է: Դեպքը, որ կատարվել է՝ ես ընդհանրապես կապ չունեմ այդ դեպքի հետ, և իմ եղբայրները իրեն հաստատ չեն ծեծել», - հայտարարեց Սարգիս Արամյանը:

Կատարվածը քննադատել է նաև Առողջապահության նախարարությունը՝ այն որակելով անմարդկային վերաբերմունք։ Նախարարության հաղորդագրությունում կարևորվում է սիրիահայ բժիշկների փորձն ու աշխատանքը հատկապես մարզային հիվանդանոցներում:

«Բողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը», - ասված է հաղորդագրությունում։

Սրտաբանն իր աշխատանքի համար Առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով։

41-ամյա բժիշկը Հալեպի սեփական կլինիկայից Թալին էր բերել բժշկական սարքավորումը, որն իր բնույթով միակն է հիվանդանոցում։

Կատարվածը, սակայն, հիասթափեցրել է Բողոսին։ Ճամպրուկները կապելու մասին է մտածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG