Մատչելիության հղումներ

Փաստաբանները պահանջում են հրապարակային դատավարություն


Փաստաբանները պահանջում են հրապարակային դատավարություն
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

Շանթ Հարությունյանի և նույն գործող մյուս մեղադրյալների փաստաբանները այսօր հրավիրած ասուլիսում պահանջեցին հրապարակային դատավարություն:

«Նոյեմբերի 5-ի գործով» առաջին դատավարությունը 10 օր առաջ ընթացավ կիսադատարկ դահլիճում, մինչդեռ ամբաստանյալներից շատերի ընտանիքի անդամներից շատերին թույլ չտրվեց մտնել դահլիճ` տեղի չլինելու պատճառաբանությամբ:

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց. - «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները 14 հոգու նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում` հստակ իմանալով, որ նրանք, ըստ էության, իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվեցին: Այդ ամեն ինչը վերածվեց քրեական մեղադրանքի, և այսօր խոչընդոտում են նաև դռնբաց և հրապարակային դատաքննությունը»:

Պետրոսյանի փոխանցմամբ` ավելի մեծ դահլիճ տրամադրելու խնդրանքով դիմել են դատավորին: Մնացական Մարտիրոսյանը, սակայն, մերժել է` ասելով, որ դատն անցկացվում է իրենց ամենամեծ դահլիճում:

Գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը ավելի մեծ դահլիճներ թվարկեց` Շենգավիթի դատարանինը, Աջափնյակ-Դավիթաշենինը. - «Զարմանալի է, թե ինչու դատարանը չի ձեռնարկում միջոցներ ավելի մեծ դահլիճում դատական նիստերը անցկացնելու [ուղղությամբ]: Եթե, իհարկե, դա միտումնավոր չէ»:

Փաստաբանների պահանջը չկատարելու դեպքում իրավապաշտպան Արթուր Սաքունցը առաջարկեց բոյկոտել դատական նիստերը. - «Այդտեղ դատապարտում են ոչ թե Շանթ Հարությունյանին և իր համախոհներին, այլ դատապարտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր դիրքորոշման համար, որ դեմ է Հայաստանի Հանրապետության անկախության դեմ Սերժ Սարգսյանի միանձնյա և անհիմն հակասահմանադրական որոշման դեմ»:

«Շանթ և ազատություն» հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը համուզմունք հայտնեց, որ եթե Շանթն ու իր համախոհները լինեին հանցագործներ, նրանց նկատմամբ դատավարությանը շատ ավելի մեծ դահլիճ կտրամադրվեր:

Հայրապետյանը նույնպես համոզված է, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. - «Դա, ըստ էության, քրեականության և քաղաքականության տեղն է Հայաստանում. քրեական աշխարհը Հայաստանում շատ մեծ տարածք է զբաղեցնում, քաղաքական հատվածին, շնորհակալություն, որ նույնիսկ այդքանը տվել են»:

Միսաք Առաքելյլանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը մտահոգություն բարձրաձայնեց, թե Շանթի և ընկերների գործով վերակենդանացվում է մինչև ապաքրեականացվելը` 2005 թվականը, իբրև հավաքների ազատությունը սահմանափակող գործիք կիրառվող հոդվածը, որով քրեական պատասխանատվության կարող էին ենթարկվել հասարակական կարգը խախտող, խմբային գործողություններ կազմակերպողներն ու դրանց ակտիվ մասնակիցները:

«Բռնությունը, որ իբր գործադրվել է ծառայողների նկատմամբ, դիտվում է որպես բռնություն քաղաքացու նկատմամբ: Փաստորեն ոստիկանության ծառայողի և քաղաքացու միջև տարբերությունը վերացված է: Որևէ ժողովրդավարական երկրում նման բան գոյություն ունենալ չի կարող: Փաստորեն, եթե այդ խուլիգանության հոդվածները մնացին և մեղադրանքները հաստատվեցին, ցանկացած կոնֆլիկտ ոստիկանության հետ բերելու է այս հոդվածների վերարտադրմանը, հասարակական կարգը խախտող խմբային գործողության հոդվածը, որը 2005 թվականից ուժը կորցրած է ճանաչվել, փաստորեն վերականգնվում է և կիրառվում է որպես հավաքների ազատության սահմանափակման գործիք»:

Ի դեպ, Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հավաստիացրեց, որ Շանթը չի հրաժարվել իր ծառայություններից: Դատական առաջին նիստում, հիշեցնեմ, Հարությունյանը բոլոր ամբաստանյալներին առաջարկել էր հրաժարվել իրենց փաստաբաններից` հայտարարելով, որ սա իրավական երկիր ու իրավական գործընթաց չէ, որտեղ փաստաբանները կարող են օգնել իրենց: Շանթի գնահատմամբ` պրոցեսը քաղաքական է»:

«Այս պահին իմ ծառայություններից չի հրաժարվել, և հաջորդ դատական նիստերին ավելի հստակ կերևա դա», - այսօր հայտարարեց Պետրոսյանը:
XS
SM
MD
LG