Մատչելիության հղումներ

Բանակում արձանագրված մահվան երկու դեպքով հարուցվել են քրեական գործեր


Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան երկու դեպքով հարուցվել է քրեական գործ:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում զինվորի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, մայիսի 10-ին զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել էր:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շրջանառվում է զինվորի մահվան պատճառների մի քանի վարկած:

«Վարկածները հետևյալն են, որ կարող է լինել անզգույշ կրակոց իր կողմից, կարող է լինել դիտավորյալ կրակոց ծառայակցի կողմից: Չեմ ուզում նպաստել կոնկրետ մի վարկածի շահարկմանը, բայց տվյալ դեպքում մի 2-3 վարկած քննարկվում է»,- փոխանցեց Հովհաննիսյանը:

Կիրակի օրը դեպքի վայր է մեկնել նաև նախարար Սեյրան Օհանյանը: Մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ նախարարին են ներկայացվել գործի հետ կապված բոլոր մանրամասները:

«Նախարարը հանձնարարեց հնարավորինս արագ աշխատել այդ ուղղությամբ, բացահայտել, որ շահարկումներ չլինեն: Ծանոթացավ ողջ գործընթացին, մոտավորապես ինչ է եղել: Նախարարը ամեն դեպքում ամեն ինչ վերցրեց իր վերահսկողության տակ»,- ասաց ՊՆ-ի խոսնակը:

Քրեական գործ է հարուցվել նաև Վայոց ձորի զորամասերից մեկում սպայի անհետացման փաստի առիթով: Ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանը զորամասից անհետացել էր մոտ տասն օր առաջ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ նրա դին հայտնաբերել են երեկ հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում: Բռնության հետքեր դիակի վրա կան, թե՝ ոչ, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը, ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:

«Մենք նախապես էլ գիտեինք, ծառայակիցներն ասում էին՝ իջել էր ջրի մոտ, լվացվեր․․․ հիմա, թե այդտեղ ինչ է եղել, արդեն ոչ մեկը չի կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավագ լեյտենանտի անհետացման փաստով քրեական գործը ևս հարուցվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով:

Սպայի անհետացումն ու ջրահեղձ լինելը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կասկածելի է համարում` ասելով, թե ինքնակամ ջրում հայտնված սպան համազգեստով չէր կարող լինել: Բացի այդ, ավագ լեյտենանտի մարմնին, ըստ իրավապաշտպանի, վնասված է եղել. - «Այսօր մասնակցել է դիահերձմանը փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով հայտնեց, որ ճակատային մասում վնասվածք կար»:

Ալեքսանյանը կասկածելի է համարում նաև զինվորի մահվան հանգամանքները և կարծում է, որ ի վերջո տեղի ունեցածը կարող է որակվել որպես ինքնասպանություն. - «Կոնկրետ տեղեկություններ ունեմ, որ հակված են ինքնասպանության վարկածին: Եվ ես տեղեկություններ ունեմ, որ կրակոցը գլխի կատարային մասին է, այսինքն ոչ մի կերպ չի տեղավորվում ինքնասպանության շրջանակում»:
XS
SM
MD
LG