Մատչելիության հղումներ

ՄՄ-ին անդամակցելուց հետո դեղորայքը կարող է թանկանալ


Տնտեսագետների ներկայացմամբ` քանի որ Հայաստանում դեղեր ներմուծելիս մաքսատուրք չի վճարվում, իսկ Մաքսային միությունում դրանց ներկրման համար միջին մաքսատուրքը կազմում է 8-10 տոկոս, ուստի դեղորայքի գները մեզ մոտ կբարձրանան:

Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, 2013-ին Հայաստան ներմուծվել է մոտ 110 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դեղորայք, որի մոտ 96%-ը ներկրվել է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, դեղերը այն ապրանքն են, որոնք շատ հաճախ անփոխարինելի են՝ առաջին հերթին իրենց որակական հատկանիշների պատճառով, և Հայաստանը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, դեղեր նախևառաջ ներկրում են զարգացած պետություններից. - «Դա եվրոպական երկրներն են և Իսրայելը: Օրինակ, Գերմանիայից բերվել է նշված 110 միլիոնի դեղորայքից 16 միլիոնը, Շվեյցարիայից`12,5, Ֆրանսիայից` 12,2 միլիոնը»:

Հարցին, թե ինչու Հայաստանը չի կարող այդ դեղորայքը ներմուծել Ռուսաստանից, Բելառուսից կամ Ղազախստանից, Գևորգյանն արձագանքեց. - «Դեղագործության ոլորտի որակի խնդիր կա… Դուք չեք կարող համեմատել, ասենք, Շվեյցարիայի դեղագործությունը Ռուսաստանի կամ Բելառուսի դեղագործության հետ. դրանք լրիվ տարբեր հարթություններում են, լրիվ տարբեր որակական հատկանիշներ ունեն»:

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, դեղամիջոցների ձեռք բերման համար 2013-ին Հայաստանի պետբյուջեն ծախսել է ավելի քան 2․8 միլիարդ դրամ: Հայկ Գևորգյանի խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ դեղերի թանկացումից հետո, մեր պետբյուջեն ավելի շատ միջոցներ է հատկացնելու նույն ծավալի դեղամիջոցների ձեռք բերման համար․ - «Շաքարախտի դեղերը, որը պետությունն է ձեռք բերում, ձեռք է բերում ներկրողներից, որոնք նույն կերպ մաքսազերձում են իրենց ապրանքը: Որևէ տարբերություն չկա»:

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը, ով ղեկավարել է Զարգացման եվրասիական բանկի պատվերով կազմված զեկույցի («Հայաստան և Մաքսային միություն․ ինտեգրացիայի տնտեսական արդյունքի գնահատական») պատրաստումը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ նվազագույն կենսապահովման զամբյուղի համար կարևոր մի շարք ապրանքների, ներառյալ՝ դեղամիջոցների գծով Հայաստանի կառավարությունը պետք է բացառություն ստանա Մաքսային միությունից․ - «Դեղերի առումով ես, իհարկե, որևէ առումով խորհուրդ չէի տա մաքսեր բարձրացնել: Որովհետև մենք ինքներս դեղեր չենք արտադրում, և երկրորդ, դա, առաջին հերթին, խոցելի խավերին վերաբերող հարց է»:

Թե դեղորայքի թանկացումների հետ կապված ինչ սպասումներ ունեն Հայաստանի կառավարությունում, Առողջապահության նախարարությունից խոստացան արձագանքել ավելի ուշ:

Փոխարենը Երևանի փողոցներում մարդիկ խիստ բացաբար արձագանքեցին:
XS
SM
MD
LG